Մատչելիության հղումներ

Խորհրդարանում մանդատներ ունեցող քաղաքական հինգ կուսակցություններ ապրիլի 6-ից 11-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել հայտեր` տեղամասային հանձնաժողովների անդամներ նշանակելու համար: Այս տեղեկությունը փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակը:

Խորհրդարանական ուժերը 1982 տեղամասային հանձնաժողովներում մոտ 14 հազար անդամներ նշանակելու հայտեր են ներկայացրել։

Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են 7 անդամից, որոնցից 5-ի թեկնածությունը ներկայացնում են խորհրդարանում համամասնական ընտրակարգով մանդատներ ունեցող քաղաքական ուժերը, 2 անդամների ընտրությունը վերապահված է ընտրատարածքային հանձնաժողովներին:

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել էր հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները` խորհրդարանական խմբակցություն ունեցող կուսակցությունների միջեւ: Ընտրական օրենսգրքի համաձայն, որքան մեծ է խմբակցությունը, այնքան ավելի մեծ թվով հանձնաժողովի նախագահներ ու քարտուղարներ պետք է ունենա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը ենթադրում է լիարժեք վերահսկողության հնարավորություն, մասնավորապես, հետեւյալ իրավիճակում. - «Տեղամասում քվեաթերթիկներ հատկացնող եւ ընտրողների ցուցակի ստորագրման համար պատասխանատու անդամների միջեւ առանձին աշխատատեղ է առանձնացվելու, որը նախատեսված է լինելու վստահված անձի համար։ Կարեւորագույն մի հանգամանք եւս՝ բոլոր այն դեպքերում, երբ վիճակահանության արդյունքում կպարզվի, որ ե՛ւ ցուցակների մոտ աշխատող հանձնաժողովի անդամը, ե՛ւ քվեաթերթիկ ու ծրար հատկացնող հանձնաժողովի անդամը երկուսն էլ խորհրդարանական դիմության ներկայացուցիչներ են, ապա վստահված անձի տեղը զբաղեցնելու է ընդդիմություն ներկայացնող թեկնածուի վստահված անձը։ Եթե անգամ նրանցից մեկը խորհրդարանական ընդդիմությունից է, մյուսը խորհրդարանական դիմությունից, այդ տեղի նախապատվությունը եւս տրված է խորհրդարանական ընդդիմությանը»։

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից տեղամասային հանձնաժողովներում անդամներ ունենալու հնարավորությունից զրկված են Հայաստանի դեմոկրատական, Կոմունիստական, Միավորված հայեր կուսակցությունները եւ Հայ ազգային կոնգրես դաշինքը, քանի որ, ի տարբերություն կոալիցիոն ուժերի, ինչպես նաեւ «Ժառանգության» ու Դաշնակցության, ներկայումս խորհրդարանական մանդատներ չունեն:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ Զոյա Թադեվոսյանն ասում է` ընտրական հանձնաժողովներում անդամներ չունենալու հանգամանքը նշանակում է, որ ընտրապայքարի մեջ մտնող ուժերը չունեն հավասար պայմաններ․ - «Իհարկե, հավասար պայմաններ մենք չունենք, բայց վստահված անձանց մակարդակով, դիտորդների հետ համագործակցելով, ինչպես նաեւ ելնելով այդ համաձայնությունից՝ 4 ուժերի միասնական շտաբի շրջանակներում, որոշակիորեն կկարողանանք ապահովել արդար ընտրություններ»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG