Մատչելիության հղումներ

Facebook-ը` քարոզչության հզոր հարթակ


Խորհրդարանական ընտրությունների մոտենալով` Facebook սոցիալական ցանցում սկսում են իրենց էջերը բացել քաղաքական գործիչները, իսկ ովքեր արդեն գրանցված էին՝ ավելի ակտիվորեն դրանք օգտագործել՝ իրենց կուսակցության համակիրների թիվն ավելացնելու համար:

Facebook-ի հայաստանցի օգտատերերը տարեցտարի ավելանում են. 2012-ի մարտ ամսվա տվյալներով, Facebook-ի հայաստանցի օգտատերերի թիվը 290.840 է:

«Facebook-ը նաեւ բաց հարթակ է կուսակցությունների համար, որտեղ նրանք կարող են ցանկացած չափի քարոզչություն վարել օգտատերերի հետ եւ դրա դիմաց չվճարել ոչինչ», - ասաց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը:

«Facebook-ում ներկայացված են ե՛ւ ընտրողները, ե՛ւ ընտրվողները», - նշեց Լաուրա Բաղդասարյանը` շարունակելով, թե այդպիսով այն բաց դաշտ է քարոզչություն իրականացնելու համար: Բացի այդ, այստեղ չի գործում որեւէ վերահսկողություն թե' ժամանակային, թե' բովանդակային առումով, եւ ի տարբերություն ավանդական ԶԼՄ-ների, այն չի գտնվում անընդհատ մոնիթորինգի տակ:

«Facebook-ում չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է կոպիտ քարոզչություն, չափից շատ տեղեկատվություն եւ այլ կարգի հասկացություններ, որոնք գործում են այլ ԶԼՄ-ների պարագայում: Facebook-ում ակտիվ են նույնիսկ այն կուսակցությունները, որոնք, ըստ էության, քարոզչական հավելյալ միջոցների կարիք չունեն, կուսակցություններ, որոնց սպասարկում են տարբեր հեռուստաալիքներ, իսկ հեռուստատեսությունը ամենահզոր քարոզչամիջոցներից է», - նշեց Լաուրա Բաղդասարյանը:

Նա հավելեց, որ այս խորհրդարանական ընտրությունները կլինեն առաջինը Հայաստանի ընտրական գործընթացների պատմության մեջ, որտեղ Facebook-ը լուրջ քարոզչական դեր կստանա՝ ոչ միայն չզիջելով, այլեւ որոշ առումենրով գերազանցելով լրատվամիջոցներին, քանի որ Facebook-ում ներկայացված հայաստանցիների 83%-ը ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներն են, իսկ 36%-ը՝ 18-24 տարեկան երիտասարդները, որոնք «դասական տեսանկյունից համարվում են դեռ չկողմնորոշված ընտրողներ, ում էլ կուսակցությունները կարող են գրավել իրենց կողմը՝ հենց Facebook-ում քարոզչություն իրականացնելով»:

Կենտրոնը նաեւ ուսումնասիրում է, թե ո՞ր կուսակցություններն են ամենաակտիվն օգտագործում Facebook-ը: Ըստ նախնական տվյալների, դրանք են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, իսկ ամենապասիվը ՕԵԿ-ն է:

Ապրիլի 8-ից էլ ուսումնասիրություններ են անում՝ պարզելու, թե ովքե՞ր են ամենաակտիվ ֆեյսբուքցի քաղաքական գործիչները: Ուսումնասիրության համար ընտրվել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի (ՀՀԿ), ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի (ՀՅԴ), ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի (ՀԱԿ), ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի («Ժառանգություն» կուսակցություն), ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ու մի քանի այլ քաղաքական գործիչների ֆեյսբուքյան պատերը:

please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG