Մատչելիության հղումներ

Կառավարության նիստում Քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը ներկայացրեց Աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված 2008-2012 թվականների պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի մասին արձանագրային նախագիծը:

«Պետության պարտավորությունները, առաջնահերթության մոտեցումների կիրառմամբ, ձեւավորվել են Աղետի գոտու բնակավայրերում համայնքների ղեկավարների կողմից հաստատված ցուցակներով հաշվառված 6972 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ, որի համար Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկային միջոցներից նախատեսվել է 250 միլիոն ԱՄՆ դոլար կամ 92.5 միլիարդ դրամ», - տեղեկացրեց փոխնախարարը:

Նրա փոխանցմամբ` 2009-2011 թվականներին վճարված եւ 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարները վճարվելու դեպքում ընթացիկ տարեվերջի դրությամբ ծրագրի իրականացման համար հատկացված ընդհանուր գումարը կկազմի ավելի քան 84 միլիարդ 11 միլիոն դրամ, որից մոտ 78 միլիարդ 816 միլիոնը հատկացվել է «Գլենդեյլ Հիլզ» ընկերությանը` Շիրակի ու Լոռու մարզերում բնակարանային շինարարության ծրագրի իրականացման համար:

«Հատկացված միջոցների դիմաց կառուցվել է 1747 եւ կառուցման ընթացքում է գտնվում 2290 բնակարան կամ բնակելի տուն: Իսկ 2012 թվականին պետք է կառուցվի եւս 423 բնակելի տուն», - նշեց Ռուզան Ալավերդյանը:

Կառավարության գնահատմամբ, ծրագրի ամբողջական իրականացման համար բնակարանով պետք է ապահովվի եւս 1008 ընտանիք, որոնց բնակարանային խնդիրները պետք է լուծվեն գերազանցապես շինարարության ծրագրի միջոցով․ 608 ընտանիքների հատկացվելու են նորակառույց բնակարաններ, իսկ Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում 1 սենյականոցի հավակնող 400 շահառուների բնակարանային խնդիրը լուծվելու է ֆինանսական օժանդակության տրամադրմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG