Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն չի հրաժարվում իշխանություն եղած տարիների իր պատասխանատվությունից


Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան
Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան
Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին իշխանությունների խոստումները իրականություն չեն դառնա․ դրանք զուտ հայտարարություններ էին։

«Բոլոր նրանք, ովքեր ուզում են այդպիսի նորմալ ընտրություն անել այսօր իսկապես համախոհության մեջ են, իսկ բոլոր նրանց, որոնց սա ձեռք չի տալիս, որովհետեւ կվտանգի իրենց վերարտադրվելը, նրանք, բնականաբար, ասելը կասեն, բայց երբ որ տեղը գալիս է, որ դա գործի վերածեն, կհրաժարվեն», - նշեց Ռուստամյանը։ - «Շատ հստակ առաջարկ կար՝ ստեղծել այս միասնական շտաբը, իրենք էլ եկան։ Իրենց թվում էր, որ քաղաքական ուժերը այնքան տարաձայնություններ ունեն, որ մի գզվռտոց կսկսվի կուսակցությունների մեջ եւ միայն իրենց վրա մեղքը չի բարդվի, որ ձախողեցին։ Բայց երբ որ տեսան դա չի ստացվում, Հանրապետականը լքեց դահլիճը։ Փորձում են ինչ-որ առաջարկներով նսեմացնել սրա դերը, լղոզել վերահսկման այդ դաշտը։ Նույն այդ շտաբի ձեւավորման օրը Ազգային ժողովի նախագահը նամակով դիմում է խմբակցություններին՝ այդ ինչպե՞ս եղավ, մինչեւ այդ անեիք»։

Ռուստամյանի խոսքով նաեւ կաշառք կբաժանվի՝ իշխանությունը պատրաստվում է գործընթացին։

«Ընտրակաշառք բաժանողներն էլ են հմտացել՝ տալիս են վերջին օրը, որ նաեւ վերահսկումը հնարավոր լինի իրականացնել, բայց քանի որ նաեւ գիտեն, որ այդ դաշտում գործող հիմա շատ խաղացողներ կան, որոնք մտադիր են ընտրակաշառքի միջոցով ձայները հավաքել, առայժմ իրենցով անելու համար՝ պոտենցիալ ընտրակաշառքով ընտրողին, մեծ խոստումներ են տալիս, ցուցակագրումներ են անում, այդպիսի փաստեր ունենք», - նշեց Դաշնակցական գործիչը։

Իշխանությունը նախընտրական քարոզչության շրջանում աշխատում է ընդդիմության դաշտում․ ոչ թե կատարածի հաշվետվությամբ է հանդես գալիս, այլ ավելի լավ կյանքի խոստումներ է տալիս, ասաց Արմեն Ռուստամյանը։ Այդ իրավիճակում նա ընտրողների մեղքն էլ է տեսնում, ասում է՝ ընտրողը պահանջատեր չէ, իշխանությունն էլ օգտվում է դրանից։

«Իշխանությունները՝ ես նկատի ունեմ ամբողջ կոալիցիան, խոսում են փոփոխություններից, ինչ-որ անհրաժեշտությունից՝ երկրում շեշտակի բաներ փոխել եւ այլն, եւ այլն։ Բայց հարց է առաջանում՝ ի՞նչ էիք անում մինչեւ հիմա։ Իշխանության հաջողությունը ընտրությունների ժամանակ ապահովվում է ոչ թե քարոզչական մեթոդներով, այլ այն հաշվետվությամբ, որ ինքը ներկայացնում է։ Չեմ կարծում, որ 5 տարին այդքան մեծ ժամանակահատված է, որ մարդիկ չհիշեն մինչեւ հիմա ոնց ես եղել եւ հիմա դրա ասելու իրավունքը ունես, թե չէ», - նշեց Ռուստամյանը։

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ասվածը նաեւ Դաշնակցությանը չի՞ վերաբերում, չէ՞ որ ՀՅԴ-ն 2007-ին իշխանության մաս էր կազմում, Ռուստամյանն արձագանքեց․ - «Մենք չենք հրաժարվում այդ պատասխանատվությունից, պարզապես ուզում ենք, որ նաեւ արդար լինեն մեզ մեղադրողները՝ այնքան պատասխանատվության հարց բարձրացնեն, որի իրավունքը մենք ունեցել ենք։ Ի վերջո՝ այդ ժամանակ էլ եղել ենք 12-13 տոկոս, եւ դրան համապատասխան շատ բաներ ենք արել, որի մասին առանձին մենք միշտ բարձրաձայնել ենք։ Բայց չենք հաջողել, որովհետեւ հենց այդ տրամաբանությունն է գործել, որ մեծամասնությունը՝ դոմինանտ ուժը, չի ընդունել մեր առաջ քաշած մոտեցումը, փաստարկները։ Հայեցակարգային փոփոխության անհրաժեշտություն իրենք չեն ընդունել, որովհետեւ չեն ուզեցել հրաժարվել այն համակարգից, որը, դժբախտաբար, մինչեւ հիմա հիմնական չարիքն է հանդիսանում այս շարունակվող դժվարությունների»։

Մեր պատասխան հարցին՝ «այդ դեպքում ինչո՞ւ շարունակեցիք մնալ կոալիցիայում, եւ այն լքեցիք ոչ թե սոցիալ-տնտեսական հարցերում անհամաձայնության, այլ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված», ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց․ - «Սա պատճառներից մեկն էր, բայց միակ պատճառը չէր։ Տեսնելով, որ իսկապես մաս կազմելով կոալիցիաներին դու նաեւ կիսատ ես լուծում այն խնդիրները, որոնք քեզ համար կարեւոր են, մենք որոշեցինք ընդհանրապես էլ կոալիցիայի մեջ չլինել, բայց մենք մեր ծրագրերը մինչեւ հիմա էլ պահպանել ենք որպես կուսակցության համար առաջնահերթություն»։

Արմեն Ռուստամյանը, նախորդ դառը փորձը հաշվի առնելով, գրեթե բացառեց Հանրապետականի հետ նոր կոալիցիայի կազմումը։

«Մաս լինելով՝ նաեւ մի մասն ենք միայն լուծել խնդիրների, որով նաեւ դժգոհություն ենք առաջացրել մեր ժողովրդի մոտ։ Սա հասկանալով՝ մենք ասում ենք՝ ոչ, սրանից հետո մենք խնդիրը դրել ենք շատ հստակ․ գործող իշխանությունների հեռացում եւ նաեւ համակարգի փոփոխություն, որ ծնել են այս իշխանությունները», - պարզաբանեց Ռուստամյանը։ - «Ասելու ենք՝ օրինակ դուք համաձա՞յն եք, հանրապետականներ, նախագահական համակարգից հրաժարվել, գնալ խորհրդարանական համակարգի, որ ազատվենք այս գերկենտրոնացված վիճակից։ Չեմ կարծում կհամաձայնեն։ Երկրորդը՝ ընդդիմությանը տալ այս, այս, այս լծակները՝ համաձա՞յն եք։ Չեմ կարծում կհամաձայնեն»։

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG