Մատչելիության հղումներ

Գեղամ Սարգսյանը անհանգստացած է իր ընտանիքի համար


Չորեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ Գեղամ Սարգսյանը երեք մարդու սպանության գործով մեղադրյալ չի ճանաչվել եւ միայն որպես վկա կհարցաքննվի։

Տուլայի մարզի Բոգորոդիցկ ավանում բնակվող 52-ամյա Գեղամ Սարգսյանի ընտանիքի վրա չորս հանցագործներ էին հարձակվել ապրիլի 7-ի երեկոյան, երբ ընտանիքը հեռուստացույց էր դիտում։ Սարգսյանը ստիպված դանակով պաշտպանել էր իր ընտանիքը, ինչի հետեւանքով հարձակվողներից երեքը մահացել են, մեկը դեպքի վայրից փախուստի է դիմել։

Ինքը Գեղամ Սարգսյանը ուղեղի ցնցում է ստացել եւ այժմ հիվանդանոցում է։

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայ գործարարը մտավախություն հայտնեց, որ իր ընտանիքի նկատմամբ կարող են հաշվեհարդար տեսնել։

Նա ասաց, որ իրեն լավ է զգում, թեեւ դեռ առնվազն մեկ շաբաթ էլ կմնա հիվանդանոցում։

«Դու հիմա որեւէ վտանգ չե՞ք զգում, որ կարող է լինել ձեր կամ ձեր ընտանիքի հանդեպ», - այս հարցին Սարգսյանը պատասխանեց. - «Կարող է լինել»։

Նա հաստատեց, որ իր հիվանդասենյակը եւ տունը այժմ պաշտպանվում են ոստիկանների կողմից. - «Կան ոստիկաններ տանն էլ, հիվանդանոցում էլ, ամեն տեղ էլ կա։ Երեխային դպրոց տանում են, դպրոցից բերում են»։

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով Գեղամ Սարգսյանը պատմեց ապրիլի 7-ին տեղի ունեցածը. - «Տուն մտան չորս հոգի, դուռը բաց էր` մտան, սկսեցին ծեծելը, ծեծեցին` ինձ էլ ծեծեցին, աղջկանս էլ, հարսիս էլ, երեխաներին էլ։ Հետո որ շատ ես հարցրի` «ի՞նչ եք ուզում, ի՞նչ է պետք ձեզ», թե` «փող, ոսկի, փողն ու ոսկին տվեք»` ասում է։ Տվեցի փողը, ոսկին` էլի ծեծեցին, էլի ջարդեցին։ Մեկը մյուսին ասում է վրացերեն (երկուսը վրացի էին)` «փողը տուր, նրանց սպանիր», ուզում էին կանանց սպանել արդեն` ատրճանակը ձեռքին, աղջիկն էլ ինձ օգնեց` կարողացա այդքան բանն անել։ Դա շատ երկար պատմություն է` մի կես ժամ ծեծում էին ամենաքիչը»։

Նա պարզաբանեց, որ վրացերեն գիտի, քանի որ մեծացել է Վրաստանում։

Թե ինչպես իրեն հաջողվեց դիմադրություն ցույց տալ` Սարգսյանը մանրամասնեց. - «Պահի տակ կարողացա ձեռքներից փախչել` աղջիկս ինձ օգնեց` ինձ որ տակը ծեծում էին, աղջիկը եկավ, վրաներն ընկավ, որ` «հորս մի սպանեք», այդ պահին իմ վրայից ընկավ, ես փախա խոհանոց` հենց խոհանոցի մոտ էինք, էլի, երկու քայլ էր։ Խոհանոց մտա, դանակը վերցրեցի, խոհանոցում էլ մութ էր։ Հենց այդ պահին, որ իմ ետեւից վազեց առաջինը, ում ձեռքին ատրճանակ կար, ես մթության մեջ առաջինին խփեցի դանակով։ Դրանից հետո արդեն մյուսը աղջկան էր խեղդում` հետո դրան` հետեւից, հետո էն երկուսին, երբ որ իմ վրա եկան` նրանց, մեկը գնաց, մեկը փախավ»։

Հարցին` որեւէ կասկած ունի՞ արդյոք, թե ովքեր կարող էին լինել հարձակվողները, ճանաչե՞լ է նրանց, Գեղամ Սարգսյանը պատասխանեց. - «Ոչ մեկին էլ չճանաչեցի, չէ։ Ես թշնամի չունեմ, ոչ մեկին էլ վնաս չեն տվել, ով կարող է անել` ես չգիտեմ»։

Նա փոխանցեց, որ մի խանութ ունի. - «Ավան է, աղքատ բնակչություն, ում ինչով կարողանում եմ` օգնում եմ»։

Այլ` մեծ բիզնեսներ չունի, ասաց Սարգսյանը։

Թե ապաքինվելուց հետո ինչ պլաններ ունի` մտադի՞ր է արդյոք մնալ, շարունակել ապրել նույն տեղում, Գեղամ Սարգսյանը նշեց. - «Առայժմ չեմ կարող ասել, տեսնենք` ոնց է գործը գնում, ոնց է շուռ գալիս, ինչ է լինում։ Չգիտեմ` ոնց կլինի, տեսնեմ` ինչ կլինի, չգիտեմ` այստեղ ապրել արժե՞, երեխաներին այստեղ պահելը»։

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի լրատվամիջոցներ հետ կապերի վարչությունը երեկ հայտարարեց, որ Գեղամ Սարգսյանը անհրաժեշտ ինքնապաշտպանական գործողությունների է դիմել, երբ սպանել է իր տան վրա հարձակված երեք կողոպտիչներին: Քննությունը եզրակացրել է, որ հիմքեր չկան Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը ասել է, որ սպանության փաստով հարուցված գործում Գեղամ Սարգսյանը հենց սկզբից անցնում էր որպես վկա եւ չի դիտարկվել որպես մեղադրյալ, ավելին` նա ճանաչվել է տուժող:

Գործողություններ են իրականացվում ավազակային հարձակման չորրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

please wait

No media source currently available

0:00 0:02:03 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG