Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 12-ի մամուլ


Անդրադառնալով նախընտրական քարոզչության խնդիրներին` «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Մոտավորապես 1992 թվականից, այսինքն` արդեն քսան տարի, ընդդիմությունը Հայաստանում իշխանության հասցեին կիրառում է միեւնույն որակումները` «հանցավոր ռեժիմ», «թալանչիներ», «մաֆիոզներ» եւ այլն։ Թե որքանով են նման որակումները համապատասխանում իրականությանը այս կամ այն իշխանության դեպքում` առանձին թեմա է, բայց երկու հանգամանքի վրա արժե ուշադրություն դարձնել. 1) կրկնությունը կարող է հոգնեցնել, 2) այնուամենայնիվ, քսան տարվա ընթացքում հասարակությունը որոշակի քաղաքացիական զարգացում է ապրել, եւ հատկապես նրա երիտասարդ մասին ավելի շատ տեղեկատվություն է մատչելի, քան իննսունական թվականներին։ Այդ առումով, թերեւս, արժե, որ ընդդիմությունը, քննադատությանը զուգահեռ, բացատրի ընտրողներին, թե ինչ առավելություններ ունի ինքը` իշխանական կոալիցիայի հետ համեմատած։ Դրանք կարող են լինել սեփական ցուցակում ընդգրկված բոլոր մարդկանց բյուրեղյա բարոյական եւ պրոֆեսիոնալ հատկանիշները, կառավարման հաջող փորձը եւ, ի վերջո, դարձյալ առաջարկվող ծրագրերը»:

«Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը ասում է. - «Այս ընտրությունների հիմնական գործոնը լինելու է մեկը` ընտրացուցակները, որտեղ, ինչպես գիտենք, շատերը կան, որ հեռացել են Հայաստանից կամ մահացել: Խոսքն այն մասին է, որ նրանց փոխարեն ոչ ոք չքվեարկի: Եթե կարողանան այդ ցուցակը մաքրել, ապա մենք խորհրդարանում ուրիշ պատկեր կունենանք, եթե չկարողացան մաքրել, ուրիշ պատկեր կունենանք: Եթե ընտրացուցակները չմաքրվեցին, հնարավոր է` խորհրդարանում հայտնվեն ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը»: Առաջինի դեպքում ես չեմ կարծում, որ խիստ դժգոհություն կլինի Բաղրամյան 26-ում, երկրորդի դեպքում չեմ կարծում, որ դա խիստ դժգոհություն կպատճառի ոչ հայաստանյան ուժերից մեկին, որը ապագա խորհրդարանում հակառուսական կամ արեւմտյան հարցեր կբարձրացնի»:

«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Ընտրակեղծիքների կանխմանն ուղղված միջկուսակցական շտաբում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ դրանում ներգրավված ուժերը համախմբման, մոբիլիզացման իրական նպատակը թողած` սկսում են կասկածել` մեկը մյուսի ազնվությանն ու սկզբունքայնությանը, գործողությունների ետեւում քթեր, ականջներ ու պոչեր փնտրել, այսինքն` տուրք տալ արդեն հանրածանոթ ու բոլորին հոգնեցրած գործելաոճին։ Դրա միակ իրական պատճառը ներքին փոխադարձ վստահության դեֆիցիտն է: Դա այն ժառանգություն է, որ ձեռք է բերվել անցած 4-5 տարիներին ձեւավորված ու արմատացած քաղաքական «մշակույթի» ու հարաբերությունների արդյունքում:

Ընտրությունների նախաշեմին այդ դեֆիցիտը վերածվում է լրջագույն հոգեբանական գործոնի, որը ոչ միայն ամենայն սրությամբ արտահայտում է քաղաքական իրականության գորշությունն ու ողբալիությունը, այլ ունակ է խեղդելու քաղաքական միջավայրում ծնունդ առնող, մտահղացվող ցանկացած առողջ նախաձեռնություն»:

«Ժողովուրդ»-ը զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Գասպարյանի (ԲՀԿ) հետ: Լրագրողը հարցնում է. - «Կարելի՞ է եզրակացնել, որ ՀՀԿ-ն Ձեր մարզում իշխող դիրք է գրավում, քանի որ ՀՀԿ-ական թեկնածուի համար անգամ օրը ցերեկով մարդ են ծեծում եւ ստիպում հրաժարվել թեկնածությունից»: Պատգամավորը պատասխանում է. - «Չէ, գիտեք ինչ, ո՞նց ասեմ… Իշխանություն ա… ՀՀԿ-ն իշխանություն ա, էսօր իշխանությունը չի՞ որոշում, ոնց որոշում են, այդպես արվում է, ով իշխանություն է, ուժեղ չի՞ ինքը: Թե քաղաքականության մեջ ինչքան են հզոր իրենք, կերեւա ընտրություններից հետո»: Հարց. - «Բայց ԲՀԿ-ն էլ է իշխանության անդամ: Ի վերջո, Դուք կոալիցիայի անդամ եք»: Պատասխան. - «Ինչի՞, կոալիցիան չի՞ լուծարվել արդեն: Դե յուրաքանչյուր ընտրություններից առաջ կոալիցիան լուծարվում է, հետո նոր կոալիցիա է ձեւավորվում: Դե քարոզարշավն էլ արդեն սկսվել է, ամեն մի կուսակցություն իր համար առանձին է աշխատում, առանձին գնում են ընտրությունների, եթե միասին չեն գնում, ուրեմն միասին չեն` տրամաբանորեն եմ ասում»:

«168 ժամ»-ի մեկնաբանը գրում է. - «Մայրաքաղաքի փոխանակման կետերում դոլարը թանկացել է: Սա ինքնին բացասական երեւույթ չէ տնտեսության համար: Ավելին` կարող է խթանել արտահանումը: Սակայն բանկային մյուս տեղեկատվությունը նախ ինքնին հակասական էր, եւ երկրորդ` հակասում էր տարադրամի կայուն արժեզրկման փաստին: Պարզվում է` մեր բանկային համակարգում ավանդները ապադոլարայնացվում են: Մինչեւ 2009-ի մարտը նման պատկեր էր` դրամն օր-օրի արժեվորվում էր: Բանկային ավանդների կեսից ավելին դրամային էր: Ուղիղ երեք տարի առաջ մի գիշերում ազգային դրամը մոտ 20 տոկոս արժեզրկվեց: Առաջին օրերի խուճապից հետո բանկային վիճակագրությունն արձանագրեց, որ բնակչությունը այլեւս գերադասում է ավանդ կուտակել տարադրամով: Բայց հիմա հակառակ եւ հակասական պատկեր է: Դրամն արժեզրկվում է, սակայն ավանդները ապադոլարայնացվում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG