Մատչելիության հղումներ

Աշոտյան-Զոլյան հակամարտությունը


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը ԿԳ նախարարի կողմից խիստ նկատողության եւ կարգապահական տույժի է ենթարկվել` առանց նախարարության թույլտվության Հայաստանից բացակայելու համար:

Սա Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական դիրքորոշումն է: Նախարարությունը պնդում է, որ Զոլյանը նաեւ խախտել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը: Այն է` առանց լիազորված պետական մարմնի որոշման իր պարտականությունների կատարումը այլ անձի հանձնարարելը:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Զոլյանն ասաց, որ ինքը Եվրախորհրդի փորձագետ է, եւ կառավարությունը չպետք է միջամտի իր գործունեությանը: Ըստ նրա` դա Եվրոպական Խարտիայի համապատասխան պահանջն է, որն ամրագրված է ԱԺ-ի կողմից վավերացված միջազգային պայմանագրով:

«Գրված ա, որ ես չեմ կատարել նախարարի հրահանգը: Ինքը մոռանում է, որ ես ռեկտոր եմ, ոչ թե իր աշխատակազմի աշխատող», - ասաց Սուրեն Զոլյանը:

Նա հավելեց, որ իր միակ սխան այն է, որ ինքը միշտ իր բացակայությունների մասին տեղեկացրել է մախարարին, թեեւ պարտավոր չէր:

ԿԳՆ-ն ուսումնասիրություններ է իրականացրել բուհում եւ հայտնաբերել է մի շարք խախտումներ: Բուհն էլ իր հերթին համապատասխան փաստաթղթերը տեղադրել է իր կայքում:

Լուրեր են պտտվում, թե այս ամենի հիմքում քաղաքական ենթատեքստ կա: Զոլյանն այս կապակցությամբ ասաց. - «Ես, ի տարբերություն մյուս ռեկտորների, որեւէ կուսակցության ցուցակում ներկայացված չեմ: Տերովին տերը կպահի, անտերին գելը կտանի: Թող ոչ ոք չմտածի, որ ես անտեր եմ, եթե որեւէ կուսակցության ցուցակում չկամ»:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցած միջոցառման ժամանակ, «Մաքսլիբերթի»-ի հարցին ի պատասխան Արմեն Աշոտյանն ասաց, որ ինքը Զոլյանի հետ անձնական հարցեր չունի, եւ հավելեց, որ ցավում է Զոլյանի պահվածքի համար. - «Անձնական տեսակետից ցավում եմ, որ դոկտոր մարդն իջել է այն մակարդակի, որ սեփական ապիկարությունն իրավական առումով փորձում է քողարկել անձնական վիրավորանքներով: Իմ մոտեցումները գերատեսչական են` պարտավոր եմ ապահովել օրինականության վերահաստատումը»:

Հարցին, թե արդյոք Զոլյանը նկատողություն կստանար, եթե ՀՀԿ-ի անդամ լիներ, նախարարը պատասխանեց. - «Եթե նա հատկապես հանրապետական լիներ, վստահ եմ, որ իրեն թույլ չէր տա նման դրսեւորումներ, որոնք վարկաբեկում են նախ իրեն: Քաղաքական կամ այլ տեսակի զոհի կերպարանքն արհեստականորեն ստեղծվող իմիջ է»:
please wait

No media source currently available

0:00 0:05:49 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG