Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում կրթության եւ գիտության ոլորտներում:

«Դպրոցների հետ կապված մենք գտնում ենք, որ այսօր Հայաստանում հանրակրթության մակարդակը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Մենք լրջագույն բարեփոխումներ պիտի անենք կրթության համակարգում, դպրոցի համակարգում», - այսօր հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը` ներկայացնելով կրթության եւ գիտության ոլորտում իր ղեկավարած կուսակցության մոտեցումները:

Բաղդասարյանը նաեւ հայտարարեց, թե Գիտությունների ազգային ակադեմիան պետք է բարեփոխումների ենթարկվի. - «Մենք գտնում ենք, որ գիտության կառավարման մասով բարեփոխումներ են անհրաժեշտ: Մենք համոզված ենք, որ Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալները պետք է աստիճանաբար մեծացվեն, բայց դրանք պետք է մեծացվեն կատարված աշխատանքի դիմաց: Այսինքն` պետությունը պետք է վճարի կոնկրետ հետազոտական աշխատանքի դիմաց, կոնկրետ գիտական արդյունքի դիմաց: Եվ այստեղ շատ կարեւոր է, որ գիտության ոլորտում մենք անցնենք արդյունքի վրա միտված քաղաքականության»:

Արթուր Բաղդասարյանի հայտարարությունների հետ կապված «Ազատություն» ռադիոկայանը փորձեց մեկնաբանություններ ստանալ Կրթության եւ գիտության նախարար, իշխող քաղաքական կոալիցիայի մեկ այլ անդամ հանդիսացող Հանրապետականի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանից, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություններից:

Այսօր նաեւ հայտնի դարձավ, որ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակից դուրս են եկել Աշխեն Մանուկյանը, Կարինե Մկրտչյանը եւ Մերի Ղոնյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը ասաց, որ վերջիններս ցուցակից դուրս են եկել, քանի որ ցանկություն են հայտնել կուսակցության համար աշխատել տեղամասային ընտրական հանձնաժողովներում, իսկ օրենքը թույլ չի տալիս մնալ համամասնական ցուցակում ու միաժամանակ աշխատել ընտրական հանձնաժողովում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG