Մատչելիության հղումներ

Այս երկու ամսվա ընթացքում հաջողվել է դադարեցնել Մաշտոցի այգում առեւտրի տաղավարների շինարարությունը:

Մաշտոցի այգին Երեւանի հին կառույցների պահպանության եւ Թռչկանի, Քաջարանի, Թեղուտի փրկության համար պայքարող ակտիվիստների վերջին հանգրվանն է:

Ակտիվիստներից Գեւորգ Սաֆարյանը նշեց, որ իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիական հասարակություն ձեւավորվել է դեռեւս միայն այգում. - «Ցավոք սրտի, քաղաքացիական հասարակություն դեռ չի ձեւավորվել մեր երկրում: Բայց մենք չենք դադարեցնելու պայքարը: Մենք չենք պայքարում միայն Մաշտոցի այգու համար, մենք պայքարում ենք մեր իրավունքների համար` լինի դա այգում, փողոցում, թե բակում»:

Այդուհանդերձ շարժման մասնակիցներից Հասմիկ Էվոյանը պնդում է, որ շարժման մասնակիցների թիվը օրեցօր ավելանում է. - «Բազմաթիվ մարդկանց մոտ երիտասարդների հանդեպ հույս է ծնվել: Հաճախ մեզ մոտենում են թե' երիտասարդներ, թե' տարեց մարդիկ եւ ասում են, որ որոշել էին գնալ երկրից, բայց մեր պայքարը տեսնելով, մտածում են դեռեւս չլքել երկիրը»:

«Այս օրերին ականատես ենք լինում երիտասարդների բազում ոլորտներում պայքարին, որի ամենակենսունակ օրինակը Մաշտոցի այգում տարած պայքարն է, որը աշխարհագրական ծավալով շատ սեղմ շարժում է, սակայն իր հեռանկարներով եւ որակական հատկություններով շատ մեծ է», -
նշեց Սարդարապատ շարժման անդամ Ալեք Յենիգոմշյանը:

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկը մոտ մեկ ամիս է միացել է այգու համար պայքարին: «Մաքսլիբերթ»-ի հետ զրույցում նա նշեց, որ այգում պայքարում է սեփական իրավունքների պաշտպանության եւ Երեւանի կանաչ տարածքների համար:

Այն պնդումներին, թե քաղաքացիական պայքարը ֆինանսավորում են ինչ-որ արտաքին ուժեր` Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու նպատակով, Հասմիկը հակադարձեց. - «Քանի որ ես սկզբից չեմ միացել պայքարին, ես էլ եմ այդ կարծիքները լսել, ինչ-որ տեղ համաձայն եմ եղել, բայց յուրաքանչյուրը, ով այդպես է մտածում, կարող է գալ այստեղ, տեսնել ակտիվիստներին ներսից, ինչպես ենք մեզ պահում, ինչպես ենք, կոպիտ ասած, ապրում, որովհետեւ դժվար թե ապակայունացնելու համար պայքարենք, ուզենայինք քաղաքը լավը դարձնենք»:
XS
SM
MD
LG