Մատչելիության հղումներ

logo-print
Հանրապետական կուսակցության ղեկավարն այսօր քարոզարշավի շրջանակներում այցելեց Արմավիրի մարզի մի շարք գյուղեր եւ քաղաքներ։ Քարոզարշավի ընթացքում նրան ուղեկցում էին միայն տեղի պատգամավորության թեկնածուները՝ Հանրապետականի համամասնական ցուցակով առաջադրված Առաքել Մովսիսյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, մեծամասնականով առաջադրված պատգամավորներ գեներալ Սեյրան Սարոյանն ու Հրանտ Գրիգորյանը։

«Կցանկանամ, որպեսզի բոլորը հասկանան, որ մայիսի 6-ից հետո գալու է մայիսի 7, որ կյանքը դրանով չի ավարտվում, որ սա կյանքի ու մահվան պայքար չէ, որ պետք չէ ուրիշներին սեւացնել, թերագնահատել, հանիրավի քննադատել», - իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը։

Իր ելույթներում նախագահը շռայլ խոստումներ չտվեց։

Փարաքար եւ Հայթաղ գյուղերում նա ընդամենը նշեց, որ շարունակելու են ջանքերը գյուղը ամրապնդելու համար, քանի որ առանց զարգացած գյուղի հնարավոր չէ զարգացած գյուղատնտեսություն ունենալ։ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ եթե գյուղն ունենա լավ դպրոց, մարդիկ աշխատանք ունենան, հարմարավետ ճանապարհներ, գյուղացին կմնա գյուղում եւ չի ձգտի մայրաքաղաք տեղափոխվել․ - «Ուզում եմ բոլորիդ կոչ անել ամուր կառչել այս հողին, որովհետեւ եթե բոլորը հավաքվեն քաղաքում, վերջում կունենանք շատ դժբախտ մի պատկեր։ Հիմա էլ մեր պատկերը, այդ առումով, շատ լավը չէ։ Մեր բնակչության մեկ երրորդը հավաքվել է Երեւանում։ Իհարկե, Երեւանում պայմանները ավելի լավ են, բայց, եթե ինձ հարցնեն՝ ես հաճույքով այստեղ կապրեմ, քան թե Երեւանում։ Ասածս չի նշանակում, որ Երեւանը վատն է։ Ասածս այլ բան է նշանակում․ որ այդ տարբերությունը պետք է վերացնենք»։

Սերժ Սարգսյանը ընդգծեց, թե ինքը «մանր-մունր» խոստումներ չի տալիս, ուղղակի խոստանում է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի երկիրը ամեն օր զարգանա, որ լինի ժողովրդավար, որ ընտրություններն անցկացնելուց հետո չավելանան իրար թշնամի մարդիկ, այլ պակասեն։ Երկրի ղեկավարը նշեց, թե հասկանում է, որ շատ խնդիրներ կան չլուծված, բայց հորդորեց վատը դնել մի կողմ ու լավով ուրախանալ։

Սերժ Սարգսյանը բնակիչներին հորդորեց նաեւ զգույշ լինել, քանի որ այս նախընտրական շրջանում բազմաթիվ անհավատալի խոստումներ են տրվելու՝ թոշակների եւ աշխատավարձերի կրկնակի բարձրացում, անտոկոս վարկեր, անվճար ջուր եւ այլն։

Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ տեղի բնակչությանը ակտիվորեն կոչ էր անում քվեարկել Հանրապետականի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների օգտին։

Մասնավորապես, ե՛ւ Փարաքարում, ե՛ւ Էջմիածնում նա կոչ արեց ձայն տալ գեներալ Սեյրան Սարոյանի օգտին։

Էջմիածնում ելույթ ունենալիս Սերժ Սարգսյանը Սարոյանից բացի խոսեց նաեւ Հանրապետականի մյուս թեկնածու, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մասին, եւ երկու պաշտոնաթող գեներալներին էլ շնորհակալություն հայտնեց․ - «Սեյրան Սարոյանը մեկն է այն վաստակաշատ մարդկանցից, որ ներկայացնում է Էջմիածինը։ Ես նախորդ անգամ գովեստի խոսքեր ասացի գեներալ Մանվել Գրիգորյանի մասին, եւ ճիշտ արեցի՝ ես հիմա լռում եմ, որովհետեւ բոլորդ գիտեք իր վերաբերմունքը մեր կուսակցության նկատմամբ․ չդառնա ինքը մեզ է սատարում, մենք իրեն։ Մանվել, շնորհակալ եմ, Սեյրան, շնորհակալ եմ»։

«Ազատություն» ռադիոկայանը զրուցեց նաեւ Սեյրան Սարոյանի հետ։ Հարցին, թե ինչո՞ւ է ուզում կրկին պատգամավոր դառնալ եւ արդյոք այս գումարման Ազգային ժողովում հանդես եկել է օրենսդրական նախաձեռնություններով, Սարոյանն ասաց․ - «Այո, իհարկե։ Մի քանի օրենսդրական նախաձեռնություններով, որոնք մեր ժողովրդին տալու է նորմալ կյանք, ապագա, աշխատանք»։

Սեյրան Սարոյանը նաեւ բացառեց, թե առաջիկա ընտրություններում փորձելու է կեղծիքներով ու լցոնումներով հաղթել․ - «Եթե պիտի լցնելով անցնեմ, ինձ պետք չի այդ ընտրությունները»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG