Մատչելիության հղումներ

logo-print

«Պաշտպանենք առողջ միջավայրում ապրելու մեր իրավունքը»


Ըստ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի ծխելն արգելվում է կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններում, կազմակերպությունների, շենքերի, հիմնարկների տարածքներում ինչպես նաեւ քաղաքային տրանսպորտում եւ այլ փոխադրամիջոցներում: Սական այսօր շատերը խախտելով օրենքը ծխում են որտեղ ցանկանում են եւ երբ ցանկանում են:

Թիվ 78 դպրոցի աշակերտուհի Զառա Թորգոմյանը տհաճությամբ է հիշում իր բոլոր վեճերը այն համաքաղաքացիների հետ, ովքեր հասարակական վայրերում ծխելով տհաճություն են պատճառել նաեւ իրեն. - «Երթուղային տաքսիներում ծխում են, եւ ես խնդրում եմ, որ հանգցնեն ծխախոտը, սակայն ոչ մի դրական պատասխան չեմ ստանում: Շատ անգամ ես նույնիսկ, կոպիտ ասած, կռիվ եմ արել դրա համար, սակայն ոչ մի արդյունքի չեմ հասել»:

78 դպրոցի աշակերտները բողոքի իրենց ձայնը հանրության ծխող զանգվածին հասցնելու եւ եւս մեկ անգամ ծխախոտի վնասակար ազդեցության մասին խոսելու լավագույն միջոց ընտրել են հակածխախոտային ակցիան: Սակայն մինչեւ բուն միջոցառումներին անցնելը, աշակերտները սեփական նախաձեռնությամբ սկսել են սոցիոլոգիական հարցումներ անցկացնել` պարզելու հանրության վերաբերմուքնը հասարակական վայրերում ծխող մարդկանց նկատմամբ, ինչպես նաեւ ստացել են առողջապահության նախարարության եւ քաղաքապետարանի թույլտվությունը ակցիան իրականացնելու համար:

Հարցումների, ուսումնասիրությունների մասնակից Սիրարփի Չիբուխչյանը նշում է, որ համաքաղաքացիները հիմնականում դժգոհել են երթուղայիններում ծխող վարորդներից. - «Հիմանականում դժգոհում են վարորդներից եւ եթե նույնիսկ խնդրեն են, որ չծխեն, նրանք մուննաթ են եկել, ջղայնացել, թե դուք ո՞վ եք, ի՞նչ իրավունք ունեք ինձ ասելու: Իսկ մենք ուզում ենք այդ ամենը շտկել եւ փորձել բացատրել վարորդներին, որ երթուղայիններում արգելված է ծխելը, թեկուզ մեր այս ակցիայով»:

Նույն դպրոցի աշակերտուհի Լիլիթը նշում է, որ պատրաստել են թռուցիկներ, տեղեկատվական թերթիկներ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին», ինչպես նաեւ պատրաստել են գեղեցիկ գլանակներ իրենց հորինած կանգրախոսներով եւ բաժանելու են անցորդներին. - «Երբ տեսնենք ծխող մարդկանց, առաջարկելու ենք դեն նետել ծխախոտը եւ դրա փոխարեն տալու ենք մեկ կոնֆետ, իսկ կարգախոսներն են, որ մենք բոլորս իրավունք ունենք պահանջելու վարորդից չծխել, չվտանգել մեր կյանքը»:

Համաձայն 2009 թվականի վիճակագրական տվյալների, 16 տարեկանից բարձր բնակչության 27 տոկոսը կանոնավոր ծխող է: Նույն տվյալների համաձայն, կանոնավոր ծխող տղամարդիկ կազմում են 52 տոկոս: Իսկ աշխատունակ տղամարդիկ` 20 տարեկանից բարձր, 57,7 տոկոս: Ծխելու դեմ պայքարը համարելով առողջապահության գերակա խնդիրներից` 2004 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանը միացել է Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային:

2007 թվականի վիճակագրական տվյալների համաձայն, բնակչության մահացության հիմնական պատճառները եղել են 4-ը` սրտանոթային հիվանդություններ, երեք տիպի չարորակ նորագոյացություն` առավելապես թոքի, քրոնիկ թոքային հիվանդություններ եւ լյարդի ցերոզ: 2007 թվականին առաջին անգամ թոքի քաղցկեղ ախտորոշումով 1192 անձից 1011-ը տղամարդիկ են: Բժիշկների վկայությամբ, նման պատկերը զգալիորեն պայմանավորված է նաեւ ծխախոտի օգտագործմամբ:

Աշակերտներից Արմեն Մանուկյանը նշում է, որ վնասակարության մասին ինքն ամեն ինչ գիտի, այդ մասին գիտե նաեւ իր հայրը, սակայն, ցավոք սրտի, ծխելը թողնել չի պատրաստվում. - «Շատ վնասակար է, ես անձամբ սպորտով եմ զբաղվում եւ չեմ պատրաստվում ծխել: Ընտանիքում հայրս է ծխում, բայց իրեն ոչինչ չեմ ասում, որովհետեւ գիտեմ ինչ է պատասխանելու, բոլորն էլ ասում են` գիտենք, ծխելը վնասակար է առողջությանը, բայց ծխում են: Մենք էլ այսօր պայքարում ենք դրա դեմ»:

Համաքաղաքացիներն էլ կարծես համամիտ են երեխաների բարձրացրած խնդրին. գիտեն ու վստահ են, որ ծխելը վնասակար է առողջությանը, սակայն ուրախալի է, որ երեխաներն իրենց այս քայլով նաեւ ավագ սերունդին կրկին իրենց առողջության մասին մտածելու առիթ են տալիս:

«Ես ցավոք ծխում եմ, ոչ շատ իհարկե, բայց շատ բացասական եմ վերաբերվում ու բոլորին խորհուրդ եմ տալիս, որ չծխեն: Ես սխալ եմ անում, բայց ես էլ դեռ ժամանակ ունեմ ուղղվելու», - նշում է անցորդներից մեկը:

XS
SM
MD
LG