Մատչելիության հղումներ

Թուրք հայամետ մտավորականը ազատության մեջ է


Ռագըփ Զարաքօլուն Երեւանում, փետրվար, 2011թ.
Ռագըփ Զարաքօլուն Երեւանում, փետրվար, 2011թ.
Թուրքիայի ամենահայամետ մտավորականներից մեկը` հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն, ազատության մեջ է:

Երեքշաբթի օրը Ստամբուլի 15-րդ քրեական դատարանի կայացրած վճռի համաձայն` «Քրդական հանրությունների միություն» կոչվող կազմակերպության դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված 132 կասկածյալներից 15-ը դատավարության մեկնարկին կարող են սպասել տնային պայմաններում:

Զարաքօլուն, որը ղեկավարում է ազատական համբավ ունեցող Belge հրատարակչությունը, տարիներ շարունակ զբաղված էր Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաեւ քրդական խնդիրներին նվիրված աշխատությունների հրատարակմամբ:

Զարաքօլուին ձերբակալեցին անցած տարվա նոյեմբերին` մեղադրելով Քրդական աշխատավորական կուսակցության հետ առնչություններ ունեցող մեկ այլ կիսալեգալ կառույցի` Քրդական հանրությունների միության գործունեությանը մասնակցելու եւ դրան «գիտակցաբար աջակցելու մեջ»:

Ինքը Զարաքօլուն անցած ամիսներին բազմիցս հերքել է իրեն ներկայացվող մեղադրանքը: Դեռ նոյեմբերին կայացած դատական նիստերից մեկի ժամանակ նա հայտարարում էր. - «Խուզարկության ժամանակ բազմաթիվ փաստաթղթեր են առգրավվել, որոնք, ոստիկանության պնդմամբ, վկայում են իբր իմ ծավալած հակապետական գործունեության մասին: Իրականում դրանց մեծ մասը դեռեւս չտպագրված գրքերի սեւագիր տարբերակներն էին»:

Այն, որ կասկածյալների գոնե մի մասի պարագայում հանցանքն ապացուցելու առումով դատախազությունը որոշակի խնդիրների է բախվել, անուղղակիորեն վկայում է նաեւ ձեւակերպումը, որով դատարանը որոշեց ազատ արձակել Զարաքօլուին եւ մյուս 14 կասկածյալներին: Ստամբուլի քրեական դատարանի որոշման համաձայն` թե՛ Զարաքօլուն եւ թե՛ մյուսները ազատ են արձակվել` «ելնելով կատարած հանցագործության ծանրության աստիճանից եւ գործում առկա ապացույցների վիճակից»:

Ինչպես նշում է թուրքական Zaman-ը` «դատարանը միայն որոշեց փոխել Զարաքօլուի եւ մյուսների խափանման միջոցը, սակայն որեւէ կերպ չհստակեցրեց, թե ինչ է նկատի ունեցել ապացույցների վիճակ ասելով»:

Zaman-ը նաեւ հիշեցնում է, որ Զարաքօլուի ձերբակալության առաջին օրվանից պաշտոնական Անկարան լուրջ ճնշման տակ էր: Հայտնի հրատարակչին ազատ արձակելու պահանջով հանդես եկան բազմաթիվ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում` Amnesty International-ը, որի ներկայացուցիչները դեռ անցած դեկտեմբերին հատուկ ուղերձ էին հղել Թուրքիայի փոխվարչապետին` պահանջելով «չօգտագործել հակաահաբեկչական օրենսդրությունը անարդար դատավարություններ կազմակերպելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG