Մատչելիության հղումներ

Մերուժան Մխոյանի ինքնաբացարկի դիմումը բավարարվեց


Հայաստան -- Մեքենաների կուտակում Մերուժան Մխոյանի տան մոտ, Արմավիր, 6-ը ապրիլի, 2012թ․
Հայաստան -- Մեքենաների կուտակում Մերուժան Մխոյանի տան մոտ, Արմավիր, 6-ը ապրիլի, 2012թ․
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշում կայացվեց բավարարել ինքնաբացարկի դիմում ներկայացրած 9 թեկնածուների դիմումները: Դրանց թվում էր նաեւ Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, անկուսակցական Մերուժան Մխոյանի դիմումը:

Մխոյանն անցած շաբաթ ծեծի ենթարկվելուց հետո հրաժարվեց պատգամավոր դառնալու մտադրությունից: Մխոյանի հարազատներն «Ազատություն» ռադիոկայանին ասել էին, որ ողջ ծեծուջարդի նպատակն է եղել ստիպել նրան ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի անկուսակցական թեկնածուն չխանգարի նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուին՝ Ալեքսան Պետրոսյանին: Ալեքսան Պետրոսյանի նախընտրական շտաբը հերքել է Մխոյանի հարազատների պնդումները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց, թե քանի որ թեկնածուն չի ներկայացրել ինքնաբացարկի պատճառները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս դեպքում ոչինչ չէր կարող անել։

Վերջին օրերին մամուլը ակտիվորեն լուսաբանել էր կատարվածը, սակայն Մուկուչյանն ասաց․ - «Դրա համար գոյություն ունեն իրավապահ մարմիններ։ Եթե առկա են նման հանգամանքներ, դա վերաբերում է անձի նկատմամբ ապօրինի, քրեորեն պատժելի արարքների մասին»։

Մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պնդում է, թե իր ղեկավարած կառույցն այս հարցում անելիք չուներ, ընտրական օրենսգրքի դրույթները դասավանդող իրավաբան Կարեն Թումանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ ԿԸՀ-ն կարող էր հանդես գալ կատարվածի վերաբերյալ հայտարարությամբ կամ հաղորդմամբ:

«Ինքը, հաշվի առնելով որ պատասխանատու է ընտրական ողջ գործընթացի վերաբերյալ, պետք է նախաձեռնող լինի թեկնածուի վերաբերյալ բռնություն կատարելու գործընթացում, պասիվ դիրքորոշում չունենար։ Հաղորդում ինքը պետք է ներկայացներ Գլխավոր դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն», - կարծիք հայտնեց իրավաբանը։

Ոստիկանությունում այս դեպքի առթիվ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, սակայն Մխոյանը գործով տուժող չի ճանաչվել:

please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG