Մատչելիության հղումներ

Ծառուկյանը առաջնահերթ է համարում մանր ու միջին բիզնեսը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Եղվարդում ընտրողներին հորդորեց չհավատալ նրանց, ովքեր կհայտարարեն աշխատատեղեր ստեղծելու մասին:

«Այսօր աշխատատեղերի ստեղծումը որ ասում են՝ ոչ մեկը չի կարող այդքան աշխատատեղ ստեղծել։ Ով ասում է՝ սուտ է ասում։ Մենք պետք է կարողանանք զբաղվածության խնդիր լուծել, հնարավորություն տալ, որ մարդիկ ընտանիքով, երկու ընկեր՝ փոքր ու միջին բիզնես ստեղծեն, կամաց-կամաց այդ ծիլերը հզորանան, հզոր գործարարներ դառնան», - հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը նշեց, որ կառավարությունը պետք է արտոնություններ ընձեռի մանր ու միջին բիզնեսի բնագավառում աշխատողներին, որպեսզի նրանք չարտագաղթեն Հայաստանից:

«Եվ ամենակարեւորը՝ մեր երկրի հիմնական հերոսը պետք է լինի ոչ թե չինովնիկն ու պաշտոնյան, այլ սովորական մարդը․ աշխատող, բարիք բերող մարդը», - հավելեց Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդի ելույթի հաջորդ հատվածը վերաբերում էր գյուղատնտեսության ոլորտին: Կուսակցության առաջնորդն այս ոլորտի զարգացման հիմքում տեսնում է գյուղատնտեսական տեխնիկայի, սարքավորումների առկայությունը, անհիմն թանկացումների վերացումը:
Ծառուկյանը եղվարդցիներին ներկայացրեց այդ տարածքում առաջադրված իրենց թեկնածուին` պատգամավոր Մելիք Մանուկյանին: Պատգամավորն էլ իր ընտրողների առջեւ կարճ ելույթ ունեցավ։

«Ինչ որ ցանեք, այն էլ կհնձեք», - ասաց Մանուկյանը, - «Մնացածը պարոն Ծառուկյանը արդեն ասաց»։

«Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունեցան Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Հաճն ու Բյուրեղավան քաղաքներում:

please wait

No media source currently available

0:00 0:02:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG