Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան․ «Աշխարհն այս ընտրություններին ուրիշ աչքերով է նայելու»


Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը Արագածոտնի մարզում տեղի ունեցած նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարեց, որ «երկիրը 15 տարվա մղձավանջից դուրս բերելու հնարավորություն կա»։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Արագածոտնի մարզում Կոնգրեսի առաջին նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարեց, որ «աշխարհն այս ընտրություններին բոլորովին ուրիշ աչքերով է նայելու»։ Տեր-Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ «երկիրը 15 տարվա մղձավանջից դուրս բերելու հնարավորություն կա». յուրաքանչյուր ընտրողից միայն պահանջվում է գնալ ընտրատեղամասեր եւ քվեարկել խղճի մտոք` տուրք չտալով ընտրակաշառքին ու ահաբեկումներին։

«Աշխարհը այլեւս չի հանդուրժելու այն անօրինականությունները, որոնք կատարվել են Հայաստանում։ Արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ տասնյակ տարիների բռնապետությունները տապալվեցին, դրանք դաս են հանդիսացել ամբողջ աշխարհի համար, եւ վստահ եմ՝ աշխահը այսօր բոլորովին ուրիշ աչքերով է նայելու այս ընտրություններին», - նշեց ՀԱԿ-ի առաջնորդը, - «Դա նոր երաշխիք է հանդիսանում, որ իշխանությունները չեն համարձակվելու այնպիսի ահաբեկումներ, բռնություններ գործել ժողովրդի նկատմամբ, ինչպես գործել են առաջներում։ Ուրեմն վախենալու ոչինչ չկա»։

Լեւոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ, այսօր ժողովրդին հուսահատեցնելուն ուղղված հետեւողական քարոզչությունը պատահական չէ. - «Սա սուտ է, սա փուչիկ է, սա ձեզ հիպնոսացնելու միջոց է։ Ուրիշ բաներ էլ են տարածում՝ նրանք նկարում են, տեսախցիկներ են տեղադրում, տեսնում են ով ինչպես է տեղադրում։ Սա բացարձակ սուտ է, չկա այդպիսի բան, դուք եք ձեր ձայնի տերը»։

ՀԱԿ առաջնորդը «ամենամեծ սուտը» որակեց այն մտայնությունը, որ ընտրակաշառքն է վճռելու այս ընտրությունների բախտը. ըստ Տեր-Պետրոսյանի, այս իշխանությունները միշտ էլ ընտրակաշառք բաժանել են, բայց միշտ պարտվել են։ Նրա խոսքով, իշխանությունները այլ ձեւերով` բռնություններով, լցոնումներով եւ բացակաների փոխարեն քվեարկելով են ընտրությունները կեղծել։

Տեր-Պետրոսյանը հավաքվածներին հորդորեց իշխանություններին չհավատալ. - «Այնպիսի հեքիաթներ են պատմում, այնպիսի խոստումներ են տալիս, կարծես թե երկնքից իջած հրեշտակներ լինեն։ Կամ մեկ խոսք, որին ես էլ եմ հավատում՝ դա նրանց կարգախոսն է․ հավատանք, որ փոխենք։ Ես հավատում եմ, որ մենք փոխելու ենք»։

Ընտրակաշառքի թեման բոլոր ելույթների առանցքում էր: Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ընտրակաշառքը համարեց «սեփական ազգին արհամարհելու եւ նրան կոտրելու» ամենադաժան ձեւը. - «Այդ հինգ հազարը, կամ այդ մի պարկ գարին ձեր կյանքը փոխելո՞ւ է։ Հիսուն հազարն էլ չի փոխելու, ձեր կյանքը հինգ հարյուր հազարն էլ չի փոխելու»։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հավելեց, թե՝ «ով որ այդ փողը վերցնելու է, իր քթից է գալու, իր երեխայի քթից է գալու»։

Եթե Ապարանում ՀԱԿ-ի նախընտրական հանդիպմանը որեւէ խոչընդոտ չեղավ, ապա Ուշի-Օհանավան-Կարբի խաչմերուկում ոստիկանները սկսեցին հայտարարել, որ հանրահավաքն ապօրինի է՝ առաջացնելով հավաքվածների զայրույթն ու ծիծաղը։ ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը սա համարեց իշխող կուսակցության «Առաջ Հայաստան» կարգախոսի ապացույցը։

«Մինչեւ այժմ չի լսվել, երբ որ նախընտրական քարոզարշավի շրջանում որեւէ հանդիպում համարվի ապօրինի։ Այսպես շարունակվելու դեպքում Սերժ Սարգսյանը արդեն օդի շնչելն էլ է արտոնությամբ դարձնելու», - հայտարարեց Փաշինյանը։

ՀԱԿ անդամ, Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն էլ իրավապահներին կոչ արեց «չծառայել» իշխանությունների ապօրինություններին ու հարցրեց. - «Միթե որեւէ ոստիկան, որ այստեղ կանգնած է, Թամամյան Հովիկից ավելի շատ է ծառայել այս ռեժիմին։ Հիմա ո՞ւր է այդ Թամամյան Հովիկը, հիմա ո՞ւր է Մարգար Օհանյանը։ Այնպես որ, սիրելի ոստիկաններ, ձեր ապօրինի հայտարարությունները մի արեք»։

ՀԱԿ այսօրվա հանդիպումները եզրափակվեցին Աշտարակում հրավիրված հանրահավաքով:

please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG