Մատչելիության հղումներ

«Հանքարդյունաբերությունը չի ծառայում ո՛չ պետությանը, ո՛չ ժողովրդին»


Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը պնդում է, որ Հայաստանում չափազանց ցածր հարկեր են սահմանված հանքարդյունաբերողների համար:

Բնապահպանի խոսքով, սա խնդիր է, որովհետեւ շահագործվում եւ շահույթ են բերում մետաղների ցածր պարունակությամբ այնպիսի հանքեր, որոնք, եթե վնասների ճիշտ գնահատում եւ դրանցից բխող բնապահպանական հարկերի գանձում լիներ, նույնիսկ սեփական շահագործման ծախսերը չէին ծածկի:

«Շվեդիայում մեկ տոննա ծծմբի օքսիդները օդ մղելու համար պահանջվում է 2046 դոլար, Հայաստանում՝ 1800 դրամ (մոտ 4.5 դոլար): ՀՀ նախարարությունները ստեղծում են այնպիսի օրենքներ, որոնք բխում են մի քանի ընտանիքների շահերից, հավանաբար քանի որ ե՛ւ կառավարությունում, ե՛ւ ԱԺ-ում կան հանքատերեր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց Հակոբ Սանասարյանը:

Նա նշեց, որ այժմ Հայաստանում 499 շահագործվող հանք կա, որոնցից 15-16՝ մետաղական։ Ավելին, Սանասարյանի խոսքով, տրվել են շահագործման հարյուրավոր արտոնագրեր, այդ թվում՝ Մեղրաձորում գտնվող 8 հանքերի համար, այն դեպքում, երբ Սովետական Միության օրոք շահագործվում էին միայն երկուսը՝ մյուսներում մետաղի ցածր պարունակության պատճառով:

Հակոբ Սանասարյանը «աբսուրդ» որակեց նաեւ կառավարության կողմից միաժամանակ ե՛ւ հանքարդյունաբերությունը, ե՛ւ տուրիզմը տնտեսության զարգացման գերակա ուղղություններ հայտարարելը՝ նշելով, որ ոչ ոք «իր զավակներին չի ուղարկի մի երկիր, որտեղ նա կշրջագայի թունավոր թափոնների մեջ»:

Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս խումբ» ընկերությունների մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ հանքարդյունաբերությունը եւ տուրիզմը համատեղելու դրական միջազգային փորձ կա, որը փորձելու են տեղայնացնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի դեպքում:

Հիշեցնենք, որ Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ են հանդես գալիս բազմաթիվ բնապահպաններ, քաղաքացիներ, ովքեր տարիներ շարունակ ահազանգում են հանքի շահագործման վնասների մասին:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ապրես Զոհրաբյանը բնապահպանական իրավիճակը Հայաստանում բնութագրեց որպես «աղետալիին մոտ», քանի որ մեծամասամբ հանքերի շահագործման համար անհրաժեշտ պայմանները չեն պահպանվում՝ մեծ ծախսերի պատճառով:

Մասնագետները պնդում են, որ արդյունաբերական տուրիզմի դեպքում հարկավոր է օգտագործել առաջատար տեխնոլոգիաներ, որոնք Հայաստանում չկան եւ չեն կիրառվում:

please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG