Մատչելիության հղումներ

Հայաստանը դասվում է ծերացման նախաշեմին գտնվող երկրների թվին:

Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է, որն այս տարի նշվում է «Առողջությունը երկարակեցության գրավականն է» կարգախոսով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի 53 երկրներում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը կազմում է ավելի քան 72 տարի, իսկ կանանցը` մոտ 80 տարի:

«Անցյալ դարի կեսերին 80 եւ ավելի տարեկան մարդկանց թիվն աշխարհում կազմում էր ընդհամենը 14 միլիոն: Մինչեւ 2050 թվականը տարիքային այս խումբը գրեթե 400 միլիոն մարդ է ընդգրկելու, նրանցից 100 միլիոնը` միայն Չինաստանում: Շուտով մարդկության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի 65 եւ ավելի տարեկան մեծահասակ բնակիչների թիվը գերազանցելու է մինչեւ 5 տարեկան երեխաների թվին: Աշխարհի բնակչության տարիքի այս հսկայական փոփոխությունը սերտորեն կապված է տնտեսական եւ սոցիալական զարգացման հետ», - նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան:

«Առողջական սուր իրավիճակները երիտասարդները հեշտ են հաղթահարում: Նրանց ֆիզիկական վիճակի, օրգանիզմի վերականգնվելու կարողությունները խիստ տարբերվում են տարեցների այդ հնարավորություններից: Տարեցների եւ ծերերի մոտ դա տեղի է ունենում շատ ավելի դժվար եւ ոչ միշտ է, որ հաջողվում է դա անել», - ասաց ՀՀ առողջապահության փոխնախար Սերգեյ Խաչատրյանը:

Եվրամիությունն այս տարին հռչակել է ակտիվ ծերության եւ սերունդների համերաշխության եվրոպական տարի: Առողջապահության նախարարությունը ծրագրել է մշակել նոր քաղաքականություն, որը ուղղված կլինի առողջապահական համակարգի զարգացմանն ու փոփոխություններին:

ՄԱԿ-ի կողմից տրվող մեթոդաբանությամբ` եթե որեւէ երկրի բնակչության մինչեւ 8 տոկոսը կազմում են մեծահասակները, այդ երկրի բնակչությունը համարվում է երիտասարդ, 8-10-ը` ծերացման նախաշեմին գտնվող, եւ միայն 12 տոկոսից ավելի մեծահասակներով բնակեցված երկիրն է համարվում ծերացած:

Հայաստանում 1990 թվականի դրությամբ մեծահասակները կազմում էին բնակչության 5,8, իսկ 2010-ին` 9,8 տոկոսը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդավարության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքերով, Հայաստանում գրանցվել է ծնելիության թվի նվազում. 1990-ին 22 իսկ 2011-ին 13 տոկոս է կազմում:

Արժանապատիվ ծերությունը ապահովելը որպես գերակայություն ամրագրված է նաեւ կայուն զարգացման ծրագրում, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը նշեց, որի իրենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի կարողանանք տարեց մարդկանց համար արժանապատիվ ծերություն ապահովել». - «Ներկա պահին նրանց հնարավորություն է տրվում անվճար հիմունքներով օգտվել միայն ամբուլատոր պոլիկլինիկաներից»:

XS
SM
MD
LG