Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կանխատեսեց, որ իր կուսակցությունը ընտրությունների արդյունքում կկրկնապատկի ներկայությունը հաջորդ խորհրդարանում։

«Ես կարծում եմ, որ քարոզարշավի արդյունքում այն ինչ ունենք կավելանա հաստատ, կկրկնապատկվի, որովհետեւ ես այսօր տեսնում եմ այդ ռեսուրսը եւ այն գրագետ քարոզարշավը, որը անցկացնում է պարոն Բաղդասարյանը», - նշեց Հեղինե Բիշարյանը։

Բիշարյանի խոսքով անցած տարիները ցույց տվեցին, որ կոալիցիան արդյունավետ է գործել, ուստի այս ընտրություններից հետո էլ ՕԵԿ-ը համաձայնելու է անդամակցել նոր կոալիցիային։

«Կոալիցիան միասնական ուժ է։ Մենք հպարտանում ենք, որ այս օրենքի հեղինակն ենք, այս օրենքի հեղինակը․․․ բայց նաեւ կոալիցիոն աջակցությամբ մենք կարողանում ենք դրանք քվեարկել եւ կյանքի կոչել։ Կոալիցիան իրեն արդարացնում է։ Ես կարծում եմ, որ ընտրություններից հետո էլի կլինի առաջարկություն կոալիցիա կազմելու եւ կոնկրետ «Օրինաց երկիր» կուսակցությունը որեւէ խնդիր չի տեսնում կոալիցիայի մաս կազմելու մեջ», - ասաց Բիշարյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ նոր ուժ տեսնո՞ւմ է այդ նոր կոալիցիայում, ՕԵԿ փոխնախագահը պատասխանեց՝ չի տեսնում, բայց ընտրություններն «այնքան խայքտաբղետ են լինում, որ այն, ինչ չէիր սպասում, մեկ էլ տեսար՝ սպասվում է»։

Մեկնաբանելով կուսակցության հանրահավաքում «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, թե այսօր Հայաստանի բազմաթիվ ոլորտներում օրենքի ու արդարության սով է, Հեղինե Բիշարյանն ասաց, որ կուսակցությունը ոչ թե քննադատական խոսք է ուղղում որեւէ մեկին, այլ ընդամենը ընդգծում է, որ պետությունը պետք է աջակցի խնդիրների լուծմանը։

«Մարդն ասում է՝ ձեր օրենքները լավն են, բայց նաեւ անհրաժեշտ է հետեւողականություն, որ այդ օրենքները կիրառվեն։ Խոսքը այդ անարդարության մասին է, դրա սովն է», - պարզաբանեց Բիշարյանը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG