Մատչելիության հղումներ

logo-print

2012-ին Սփյուռքի նախարարության «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը հանդես կգա նոր անունով՝ «Իմ Հայաստան»:

«Փառատոնի մասին ծրագրային հիմնադրույթները անցած տարի դեռեւս քննարկվեցին եւ ներկայացվեցին կառավարություն: Կառավարությունը այս տարի մարտ ամսի սկզբին հավանություն տվեց ծրագրին՝ 2012 թվականի ընթացքում կազմակերպել «Իմ Հայաստան» համահայկական փառատոն», - լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի իրականացման վարչության պետ Ատոմ Մխիթարյանը:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում են հետեւյալ միջոցառումները՝

1. Հայ գրողների համահայկական համաժողով՝ ապրիլի 18-23-ը,
2.Պարարվեստի օրեր՝ հունիսի 25-ից հուլիսի 15-ը,
3.Երգչախբային արվեստի օրեր՝ հուլիսի 25-ից օգոստոսի 15-ը,
4.Անհատ կատարողների ելույթներ՝ հունիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում,
5. Դուդուկի համահայկական փառատոն՝ սեպտեմբերի 6-18-ը,
6. Լրագրողների համահայկական 6-րդ համաժողով՝ հոկտեմբերի 4-7-ը:

Փառատոնին մասնակցելու են պարային համույթներ, երգչախմբեր, անհատ կատարողներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, սփյուռքի տարբեր համայնքներից:

Պետական բյուջեից փառատոնին հատկացվել է 84 միլիոն դրամ:

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաեւ վարպետության դասընթացներ:

Հայտեր են ներկայացվել ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Լիբանանից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Պարսկաստանից, Սիրիայից եւ այլ երկրներից:

Կազմակերպիչները կհոգան սփյուռքից ժամանածների սննդի, բնակության եւ տրանսպորտային ծախսերը:

Փառատոնը մրցութային չի լինելու:

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանի պնդմամբ՝ փառատոնները բացի մշակութային միջոցառում հանդիսանալուց պետք է ունենան ճանաչողական եւ դաստիարակչական նշանակություն:


XS
SM
MD
LG