Մատչելիության հղումներ

Անանի ծրագիրը` ձախողման վտանգի տակ


Սիրիական բանակի տանկերը` կայանված Հոմս քաղաքի արվարձաններից մեկում, ապրիլ, 2012թ.

Սիրիական բանակի տանկերը` կայանված Հոմս քաղաքի արվարձաններից մեկում, ապրիլ, 2012թ.

Համաձայն Սիրիայում ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկած ծրագրի` ապրիլի 10-ին լրանում է այն ժամկետը, մինչեւ որը Սիրիայի իշխանությունը պետք է քաղաքներից հաներ ծանր տեխնիկան ու զինուժը: Դրանից հետո 48 ժամվա ընթացքում երկու կողմերը պետք է լիակատար հրադադար հաստատեին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը արժանացած այս ծրագիրը, սակայն, կարծես թե ձախողվում է, քանի որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում առաջինը վայր դնել զենքը:

Խնդիրն այն է, որ Սիրիայի իշխանությունները վերջին պահին նոր պահանջներ են դրել` հայտարարելով, թե ավելի վաղ տրված իրենց համաձայնությունը սխալ է մեկնաբանվել:

Պաշտոնական Դամասկոսը երկուշաբթի օրը հայտարարել է, թե հետ չի քաշի իր զորքերը սիրիական բնակավայրերից, մինչեւ Քոֆի Անանը իրենց գրավոր երաշխիքներ չներկայացնի այն մասին, որ սիրիական ընդդիմությունը պարտավորվում է զենքը վայր դնել, իսկ Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Քաթարը խոստանում են զենք չմատակարարել Սիրիայում գործող զինված խմբերին։

Սիրիացի պատգամավոր Ջորջ Ջաբարին ասում է, որ զորքերը հանելը ընդդիմությանը միայն հնարավորություն կընձեռի այդ տարածքներում առաջ շարժվել. - «Եթե կառավարական ուժերը հետ քաշվեն որոշ շրջաններից, զինված խմբերը կթափանցեն այդ տարածքներ, ինչը սպառնալիք է հասարակական անվտանգությանը: Կառավարությունը պետք է պատասխանատու լինի մարդկանց անվտանգության համար»:

Սիրիայի ընդդիմությունը հրաժարվել է կատարել իշխանությունների պահանջն ու գրավոր երաշխիքներ տրամադրել, քանի դեռ կառավարությունը չի հանել ծանր հրետանին եւ զինուժը քաղաքներից:

Ֆրանսիան հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունների առաջադրած այս նոր պահանջները անընդունելի են։ Ֆրանսիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. - «Բաշար Ասադի ռեժիմը հայտարարել է, որ ընդունում է Անանի ծրագիրը, եւ հենց նրանք են առաջարկել ժամկետ սահմանել ապրիլի 10-ը` զորքերն ու ծանր հրետանին քաղաքներից հանելու համար: Այժմ նրանք նոր անընդունելի պահանջներ են ներկայացնում»:

Մինչդեռ բռնությունները Սիրիայում նոր թափ են ստանում։ Շաբաթ եւ կիրակի օրերին զոհվել է մոտ 170 մարդ, իսկ Human Rights Watch կազմակերպությունը երկուշաբթի օրը զեկույց է հրապարակել, որի համաձայն` Սիրիայի իշխանությունները շարունակում են մահապատժի ենթարկել բանտարկված ընդդիմադիրներին։

Այսօր Քոֆի Անանի ծրագիրը եւ Սիրիայում իրավիճակը Մոսկվայում քննարկել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը։

Հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մուալեմը վստահեցրել է, թե Սիրիան հավատարիմ է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի ծրագրին:

«Սիրիական կողմը եւս մեկ անգամ հաստատեց, որ Սիրիայի ղեկավարությունը հավատարիմ է ստանձնած պարտավորություններին, եւ մեզ տեղեկություն է տրամադրվել, որ Սիրիայի իշխանությունները սկսել են իրագործել Քոֆի Անանի ծրագիրը` քաղաքներից ծանր հրետանին հետ քաշելու մասով», - ասել է Լավրովը` հավելելով, որ իրենց կարծիքով` Սիրիայի գործողությունները կարող էին ավելի ակտիվ եւ վճռական լինել ծրագրի կետերը կատարելու հարցում:

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ հերթական անգամ կոչ են անում սիրիական ընդդիմությանը եւ այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն Սիրիայի քաղաքական եւ հատկապես զինված ընդդիմության վրա, օգտագործել իրենց ազդեցությունը` անհապաղ հրադադար հաստատելու համար բոլոր կողմերից, ինչպես նախատեսված է Անանի ծրագրով:

Չինաստանի հետ Ռուսաստանը Անվտանգության խորհրդում դեմ էր հանդես գալիս Սիրիային վերաբերող բանաձեւերին, սակայն հավանության էր արժանացրել Քոֆի Անանի ծրագիրը:

Մինչ Սիրիայի իշխանությունները Մոսկվայում հայտարարում են, որ սկսել են իրականացնել Անանի ծրագիրը, ընդդիմադիրները պնդում են հակառակը` որ սիրիական կառավարական զորքերը նորանոր գրոհներ են իրականացնում ընդդիմության դեմ: Սիրիացիները, որոնք փորձել են փախչել Թուրքիա, տեղեկացրել են, որ ուղղաթիռից իրենց վրա կրակահերթ են բացել։ BBC-ի թղթակիցը հայտնել է, որ որեւէ նշան, թե կառավարական զորքերը հետ են քաշվում, առայժմ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG