Մատչելիության հղումներ

Սահմանադիր ժողով գումարելու գաղափարը` «աննպատակահարմար»


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւ եւ Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանով, արխիվային լուսանկար

Մի շարք կուսակցությունների առաջարկին Կրեմլի պատասխանը բացասական է։

Ռուսաստանի հեռացող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերջերս հանդիպել է չգրանցված կուսակցությունների ղեկավարների հետ եւ ի շարս այլ հարցերի քննարկել Սահմանադիր ժողով գումարելու մասին օրինագիծ պատրաստելու հնարավորությունը։

Հանդիպման ավարտին Մեդվեդեւը Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին հանձնարարել է կազմել աշխատանքային խումբ եւ ուսումնասիրել այդ առաջարկը։

Երկուշաբթի օրը Կրեմլը բացասական կարծիք է տվել։ «Աշխատանքային խումբը նպատակահարմար չի համարում Սահմանադիր ժողով գումարելու գաղափարը։ Նախագահի հանձնարարականում խոսք չկար օրինագիծ կազմելու մասին` նա ընդամենը կարգադրել է քննարկել այդ հնարավորությունը։ Մենք դա արել ենք եւ հանգել այն եզրակացության, որ Սահմանադիր ժողովի կարիք չկա», - ասել է Իվանովը։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սահմանադիր ժողովը ներկայացուցչական մարմին է, որը հատուկ գումարվում է երկրի Սահմանադրության երեք առանցքային հոդվածների վերանայման անհրաժեշտության դեպքում։

Խոսքը 1-ին, 2-րդ եւ 9-րդ հոդվածների մասին է, որոնք կարգավորում են, համապատասխանաբար, սահմանադրական կարգի հիմքերը, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Սահմանադրության լրամշակումներն ու վերանայումը։

Սահմանադիր ժողովը գումարվում է, եթե դա առաջարկում է խորհրդարանի երկու պալատների` Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի անդամների ընդհանուր թվի երեք հինգերորդը։

Ժողովը կա՛մ հաստատում է Հիմնական օրենքի անսասանությունը, կա՛մ պատրաստում է Սահմանադրության նոր օրինագիծ, որն ընդունվում է Սահմանադիր ժողովի երկու երրորդով կամ համաժողովրդական հանրաքվեով։

Ռուսաստանում Սահմանադրությունը լրամշակելու առաջարկներ վաղուց են հնչում։ Ոչ միայն վերլուծաբանների, այլեւ մեծ թվով քաղաքական գործիչների համոզմամբ` Ռուսաստանի նախագահին տրված են չափազանց ընդարձակ լիազորություններ։

Վլադիմիր Պուտինը հաղթել է մարտի 4-ի նախագահական ընտրություններում եւ տեսականորեն կարող է հաղթել նաեւ վեց տարի անց։

Ընդդիմության համոզմամբ` մեկ անձին գրեթե միապետի կարգավիճակ տալը շատ վտանգավոր է, հետեւաբար` պետք է նախագահի լիազորությունների գոնե մի մասը փոխանցել խորհրդարանին։

Մինչդեռ, որոշ փորձագետ-իրավաբաններ կարծիք են հայտնում, թե կարիք չկա գումարել Սահմանադիր ժողով, քանի որ հնարավոր է լրամշակումների եղանակով հավասարակշռել նախագահի եւ խորհրդարանի լիազորությունները։

Գործող Սահմանադրության հեղինակներից Վիկտոր Շեյնիսի համոզմամբ` Սահմանադիր ժողովի գումարումն այսօր կարող է նույնիսկ վտանգավոր լինել։

«Լավ է, որ վերջին ժամանակաշրջանում չեն դիպել Սահմանադրությանը` բանն այն է, որ Սահմանադրության վատթարացման հնարավորությունները նույնքան անսահման են, որքան` բարելավման», - ասել է Շեյնիսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG