Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը ամբողջական իշխանափոխության է ձգտում, նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ այսօր հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

«Ամբողջական իշխանափոխություն, որը կենթադրի թե՛ գործող վարչախմբի, եւ որ ամենակարեւորն է՝ նրա սպասարկող համակարգի լիակատար փոփոխություն», - ասաց Ռուստամյանը։ - «Կուսակցություն, իշխանություն, պետություն՝ նույնացած է։ Հանրապետական կուսակցության մաս են կազմում բոլոր նրանք, ովքեր պետության ապարատի մեջ են»։

Կուսակցությունը շոուների, թատրոնների կողմնակից չէ։ Դաշնակցության զենքը, ինչպես ձեւակերպեց Դավիթ Լոքյանը, կուսակցության ծրագիրն է։

Սոցիալական ուղղվածություն


Դաշնակցության ծրագիրը առավելապես սոցիալական ուղղվածություն ունի։ կուսակցությունը չքավորության վերացում, բարեկեցիկ կյանք, միջին խավի ձեւավորում է խոստանում ընտրողներին։

Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Հայաստանի պետական բյուջեի եռապատկումը իրատեսական է համարում այն պարագայում, երբ խոստանում են կրկնապատկել այսօրվա միջին կենսաթոշակը, արտոնություններ սահմանել անապահով ընտանիքների համար, զսպել գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման, խմելու ջրի սակագները։

ՀՀ-ում չպետք է բեւեռացվածությունը այս աստիճան ծայրահեղ լինի...

«Մեր հույսը միայն հարկերը չեն, պետական տուրքերն ու սոցվճարները չեն։ Մեր հույսերը նաեւ ակտիվ տնտեսական քաղաքականությունն է, որ պետք է վերցնի պետությունը իր ձեռքում։ Ցուցանիշով եթե ասեմ՝ դա չի գերազանցում 37 միլիարդ դրամը։ Մեր ռազմավարական խնդիրն է 10 անգամ աճեցնել այս ցուցանիշը», - պարզաբանեց Մինասյանը։

700 քառակուսի մետրից ավելի բնակելի տարածք ունեցողների համար էլ Դաշնակցությունը շքեղության հարկ է առաջարկում կիրառել։ Արծվիկ Մինասյանի պարզաբանմամբ․ - «Սրա բյուջետային հետեւանքը մեծ չէ, բայց սա ունի քաղաքական հստակ ուղերձ․ Հայաստանի Հանրապետությունում չպետք է բեւեռացվածությունը այս աստիճան ծայրահեղ լինի»։

Դաշնակցությունը նաեւ ԽՍՀՄ խնայբանկերում պահպանվող ավանդների վերադարձ է խոստանում, բայց կտրոններով՝ դրանք տեղական արտադրանք գնելու կամ ծառայությունների դիմաց վճարելու համար կարող են օգտագործվել։

Անցում խորհրդարանական կառավարման


Քաղաքական կյանքում Դաշնակցությունն առաջարկում է փոխել երկրի կառավարման համակարգը՝ նախագահականից անցում կատարել խորհրդարանական կառավարման ձեւին։

«Այս կառավարման համակարգը հանգեցրել է նրան, որ նախագահի աթոռի շուրջ ձեւավորվում է յուրայինների մի խումբ, որոնք ամբողջությամբ յուրացնում, օգտագործում են պետական ռեսուրսը», - այս առնչությամբ մեկնաբանեց Արմեն Ռուստամյանը։

ՀՅԴ-ն նաեւ առաջարկում է կրճատել պատգամավորների թիվը, սահմանափակել պատգամավորների անձեռնմխելիությունը, անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ազդեցիկ լծակներ տրամադրել ընդդիմությանը։ Այդ փոփոխություններն անելու դեպքում, համոզված է Արմեն Ռուստամյանը, մենաշնորհը կվերանա, կոռուպցիան կկրճատվի։

«Վարչապետն է ղեկավարում հակակոռուպցիոն մեր պայքարը։ Պարզ է, որ ի՞նչ պիտի լինի արդյունքը, ինքն իրեն հո չի՞ պատժելու», - հարցնում է դաշնակցական գործիչը։


Վիլսոնի վճիռը՝ ուժի մեջ


Դաշնակցությունը նախընտրական ծրագրում զետեղել է նաեւ արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող իր պատկերացումները․ Ղարաբաղյան խնդրի լուծման դեպքում փոխզիջումը չպետք է նահանջ արձանագրի 1991 թվականի հանրաքվեով Ղարաբաղի ժողովրդի անկախության կամարտահայտությունից, Ադրբեջանի հետ բանակցություններում Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ,
Արտաքին քաղաքականությանը վերաբերող կարեւորագույն հարցերը հանրաքվեի պետք է դրվեն ...

Հայաստանի ստորագրությունը պետք է հետ կանչվի հայ-թուրքական արձանագրություններից, ԱՊՀ-ի Եվրասիական միության հետ լավ հարաբերությունների պահպանման հետ մեկտեղ արտաքին քաղաքականության կարեւոր հատվածներից մեկը պետք է դառնա Եվրամիության հետ համագործակցությունը, արտաքին քաղաքականությանը վերաբերող կարեւորագույն հարցերը հանրաքվեի պետք է դրվեն, նշված է Դաշնակցության ծրագրում։

Կուսակցությունը առաջարկում է ազգային-պետական ուղեգծի հաստատմանն ուղղված քաղաքականություն մշակել։ Այնտեղ պետք է ամրագրված լինի՝ Հայաստանը չի կարող կնքել որեւէ պայմանագիր, որով կարող է ուժը կորցրած ճանաչվել Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որով, հիշեցնենք, գծված էին Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները, ընդ որում՝ Հայաստանը ելք ուներ դեպի ծով, տարածքն էլ զգալիորեն ավելի մեծ էր։ Դաշնակցությունը կարծում է, որ Վիլսոնի իրավարար վճիռը այսօր էլ է ուժի մեջ։

Կոալիցիա կամ ընդդիմություն


Ամբողջական իշխանափոխության չհասնելու պարագայում կուսակցությունը կհամաձայնի կոալիցիա կազմել այն ուժի հետ, որը կմիանա այսօր հրապարակած ծրագրի կատարմանը։ Այդպիսի համագործակցություն չտեսնելու դեպքում՝ ընդդիմություն կմնա, ասաց Արմեն Ռուստամյանը։

Դաշնակցությունը ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ «Բարգավաճ Հայաստանի» հետ ընտրությունները վերահսկող միասնական շտաբ է ձեւավորել։ Ռուստամյանն ասաց՝ ընտրությունները կեղծվելու պարագայում այդ շտաբը պետք է փաստեր ունենա եւ նոր ընտրությունների անցկացման պահանջ դնի։

Հավելենք, որ Դաշնակցության ծրագրի ներկայացմանն այսօր մասնակցում էր նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը, ով նաեւ ամբիոնին մոտեցավ եւ գովեստի խոսքեր ասաց այդ ծրագրի մասին։

Հիշեցնենք՝ Բոստանջյանին «Բարգավաճ Հայաստանը» չընդգրկեց իր համամասնական ցուցակում։ Նա հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք դուրս գալ ԲՀԿ-ից, միայն ասաց՝ ընդհանրապես «քաղաքական գործով» չի ուզում զբաղվել։

XS
SM
MD
LG