Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի խոսնակը հերքում է կուսակցության առնչությունը Սարդարապատի միջադեպին:

«Եթե կա որեւէ խախտում, անբարոյական արարք, պետք է դիմել իրավապահ մարմիններին: Կարծում եմ, որ իրավապահ մարմինները շատ հստակ պատասխան կտան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` շարունակելով. - «Ես չեմ կարծում, որ Հանրապետականի համար է դա արվել: Իսկ եթե որեւէ մեկն էլ իրականացրել է օրենքի որեւէ խախտում, անկախ նրանից, թե նա որ կուսակցությունից է, դա պետք է խստագույնս պատժվի: Բոլորը պետք է իմանան, որ արջի ծառայություններ մատուցելը այլեւս չի անցնելու, բոլորը պետք է իմանան, որ Հայաստանի հանրապետական կուսակցության համար ամենակարեւորագույն խնդիրն է ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների անցկացումը»:

Անցած ուրբաթ, հիշեցնենք, ծեծի էր ենթարկվել թիվ 21 ընտրատարածքում (Արմավիրի մարզ) մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Մերուժան Մխոյանը, ով հաջորդ օրը ինքնաբացարկ ներկայացրեց: Մխոյանի ընտանիքի անդամները պնդում են, որ ծեծի նպատակը հենց դա է եղել. որպեսզի անկուսակցական թեկնածուն չխանգարի նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ի թեկնածուին` Ալեքսան Պետրոսյանին: Դեպքի առիթով հարուցված քրեական գործով ձերբակալվածներ դեռեւս չկան:

Հարցին, թե կուսակցության շտաբը փորձելո՞ւ է պարզել միջադեպի դրդապատճառները, Շարմազանովը արձագանքեց. - «Հանրապետականի շտաբը, ի տարբերություն նախկին ղեկավարության, իր քիթը չի խոթում իրավական խնդիրների մեջ: Համոզված եմ, որ ուժային կառույցները` թե' ոստիկանությունը, թե' դատախազությունը հստակ իրավական գնահատական կտան»:


Նախընտրական ծրագրի մասին

Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը, որը հրապարակվել է անցած շաբաթավերջին, սկսվում է նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձով: Դրանում, մասնավորապես, ասված է. - «Հավատանք մենք ուժերին, որ փոխենք իրականությունն այնպես, որ հաջողությունները լինեն ոչ միայն բոլորինը, այլեւ յուրաքանչյուրինը: Փոխենք կյանքի պայմանները, մարդկանց համար աշխատելու եւ վաստակելու նոր հնարավորություններ ստեղծնենք, օգնենք արդարությանը հաղթանակելու ամենուր, վերացնենք աղքատությունը, արտագաղթը վերափոխենց տունդարձի: Ուրեմն` հավատանք, որ փոխենք»:

Կուսակցությունը նախընտրական ծրագրում անդրադառնում է նաեւ վերջին տարիների ձեռքբերումներին եւ առաջիկա անելիքներին: Մասնավորապես նշվում է, որ վերջին տարիները պետության համար «բարդ փորձությունների հաղթահարման ժամանակաշրջան էր». - «Այդ ընթացքում մենք կարողացանք էապես մեղմել ներքին պառակտվածության եւ անհանդուրժողականության դրսեւորումները»: Ինչ վերաբերում է անելիքներին, ապա իշխող ուժը նշում է, որ իրենց «դեռեւս չի հաջողվել հաղթահարել աղքատությունը եւ կոռուպցիան», «ապահովել արդար մրցակցություն գործարար միջավայրում»: «Մենք պետք է հաղթահարենք այն քաղցկեղը, որը կոչվում է կոռուպցիա», - նշում է ՀՀԿ-ն` միաժամանակ խոստանալով նաեւ «արդարություն յուրաքանչյուրի համար»:

Ղարաբաղյան հարցի առնչությամբ ծրագրում նշվում է, որ շարունակելու են աշխատանքները Ղարաբաղը բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ:

Ուշագրավ է, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում որեւէ անդրադարձ չկա Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու խնդրին: Էդուարդ Շարմազանովի պարզաբանմամբ` Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար «իրենից պահանջվող ամեն քայլ կատարել է». - «Մեր նախընտրական ծրագրում Թուրքիային չենք անդրադարձել, որովհետեւ մինչեւ Թուրքիան կառուցողական քայլ չկատարի, Հայաստանը որեւէ քայլ չունի անելու: Թուրքիան պետք է դադարի խոսել նախապայմաններով եւ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատի հարեւանների հետ»:

Շարմազանովն ընդգծեց, որ Հանրապետականը ներկայացրել է «մրցունակ ու իրատեսական ծրագիր»:

Նա նաեւ հակադարձեց ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչների պնդումներին, թե 5 տարի շարունակ իշխանության ղեկին գտնվող ուժը իրավունք չունի հանդես գալ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով. - «Երբ մենք ասում են` հավատանք, որ փոխենք, նկատի չունենք, որ մենք 4-5 տարիների ընթացքում որեւէ բան չենք արել: Ընդհակառակը, մենք այս 4-5 տարիների ընթացքում մեղմացրել ենք տնտեսական ճգնաժամի հետեւանքները: Ի տարբերություն Լատվիայի, Հունաստանի, Պորտուգալիայի` Հայաստանում որեւէ կրճատում տեղի չունեցավ: Մենք հարյուրավոր ընտանիքների բնակարաններ ենք տվել աղետի գոտում, մենք բարձրացրել ենք կենսաթոշակները… Իհարկե, բավարար չէ, բայց մենք ապահովել ենք եւ տվել են ՀՀ քաղաքացուն ամենակարեւորը` կայունություն, խաղաղություն ու անվտանգություն: Մենք գնացինք երկխոսության, երբ Ազատության հրապարակը էլի տրվեց ժողովրդին, որը դարձավ քաղաքական բազմակարծության ամբիոնի հարթակ: Ժողովրդավարական ազատությունները, որ այսօր կան` այդ երկու համաներումը, ժողովրդավարական ազատությունները: Այդ եթերի ազատությունը, երբ որ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հեռուստատեսություններից մեկում ասում էր` ես նմանատիպ եթերային ազատություն չեմ տեսել այս վերջին 12 տարում: Սա իրենք են ասում, ես չեմ ասում»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG