Մատչելիության հղումներ

Մերուժան Մխոյանը ուղեղի ցնցում է ստացել


Մերուժան Մխոյանի տան մոտ
Մերուժան Մխոյանի տան մոտ
Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված եւ շաբաթ օրը թեկնածությունից հրաժարված անկուսակցական Մերուժան Մխոյանը ուղեղի ցնցում է ստացել։ Այս մասին տեղեկացանք «Արմավիր» բժշկական կենտրոնից:

Բժշկական կենտրոնի փաստաթղթերում գրանցված էր, որ նա եւ նրա ազգականը` Մուշեղ Մխոյանը ուրբաթ օրը երեկոյան տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, այնտեղ մնացել մի քանի ժամ, հետո ինքնակամ դուրս եկել:

Մերուժան Մխոյանի կինն ու ընտանիքի անդամները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հավաստեցին, որ նրանք վնասվածքները ստացել են ուրբաթ օրը վաղ առավոտյան իրենց տան մոտ սկսված, հետո Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտ շարունակված ծեծի հետեւանքով:

Չնայած «Արմավիր» բժշկական կենտրոնի մատյանում նշված է, որ Մերուժան Մխոյանը ստացել է ուղեղի ցնցում, ձախ ստորին կոպի հեմատոմա, կոնքազդրային հոդի վնասվածք, Մուշեղ Մխոյանն էլ վնասվածքներ է ստացել կրծքավանդակի, վերին շրթունքի, ծոծրակի ու քթի շրջանում, սակայն նրանք այս գործում որպես տուժող ներգրավված չեն: Ըստ ոստիկանության տեղեկատվության, տուժողներ են ճանաչվել երկու երիտասարդներ` 30-ամյա Առնակ Կուրղինյանն ու 31-ամյա Սամվել Պողոսյանը, որոնք դեպքից անմիջապես հետո հիվանդանոց են տեղափոխվել, եւ որոնք, Մխոյանների ընտանիքի պնդմամբ, ծեծի ենթարկողների թիմից են։

Մերուժան Մխոյանի կինը, եղբոր կինը եւ ընտանիքի մյուս անդամները, ովքեր ուրբաթ լուսադեմին իրենց տան մոտ սկսված միջադեպի ժամանակ ներսում են եղել, մեզ պատմեցին, երկու մեքենա՝ որոնցում 10-12 հոգի մարդ, 6։25 արթնացրել են պատգամավորի թեկնածուին, այնուհետեւ ծեծկռտուք է սկսվել։ Նրանք պնդում էին, որ այդ ողջ ծեծուջարդի նպատակն է եղել ստիպել նրան ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի անկուսակցական թեկնածուն չխանգարի նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուին՝ Ալեքսան Պետրոսյանին: Եվ այս դեպքի հաջորդ օրը Մխոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ ստիպված, սպառնալիքների պատճառով։

«Սպառնալիքի՝ մեր երեխաներին չկպնելու համար։ Նրանք մեզ ասում են՝ հանեք, թե չէ երեխաներին վնաս կտան։ Այսինքն՝ ամենաթույլ օղակին են կպնում, որովհետեւ հանուն երեխաների գիտեք հայը ինչի է պատրաստ։ Հենց դրա համար էլ հանել է թեկնածությունը», - պատմեցին մեր զրուցակիցները։

Պատգամավորության ինքնաբացարկ հայտարարած թեկնածուի ընտանիքը պնդում էր, որ այս ծեծկռտուքին մասնակցել է հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին, ով նրանց կարծիքով ցանկացել է այսպես օգնել ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուին:

Սակայն Նահապետ Գեւորգյանը մեզ հետ զրույցում հերքեց իր որդու մասնակցության մասին լուրերը․ - «Դրանք սուտ հերյուրանքներ են։ Իմ տղան ներկա չի եղել, ոչ մի բան էլ չի եղել»։

Թեկնածու Ալեքսան Պետրոսյանի նախընտրական շտաբից եւս հերքեցին Մերուժան Մխոյանին թեկնածությունից հրաժարվել ստիպելու մասին պնդումները՝ կրկին հայտարարելով, որ իրենց թիմակիցները այդ միջադեպի հետ որեւէ կապ չունեն: Պետրոսյանի շտաբի պետ Լեւոն Խորոզյանը, հենց Սարդարապատի միջադեպի օրն էր մեզ հետ զրույցում հայտարարել, որ անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանի հետ որեւէ խնդիր իրենց թիմը չունի, նրա առաջադրումը իրենց ոչ անհանգստացնում է, ոչ էլ կարող էր անհանգստացնել, որովհետեւ Մխոյանին «լուրջ հակառակորդ չեն էլ համարում»:

Արմավիրի զարգացումներով հետաքրքրվել են նաեւ միջազգային դիտորդները: Մխոյանի ընտանիքը տեղեկացրեց, որ դեպքի հաջորդ օրը իրենց տուն են եկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները եւ հետաքրքրվել են դեպքի մանրամասների եւ ինքնաբացարկի պատճառների մասին: Իրենք պատմել են ամեն ինչ:

Թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանից տեղեկացանք, որ դիտորդները այցելել են նաեւ հանձնաժողով։

«Ուղղակի հարցում են կատարել ինքնաբացարկի մասին, ուրիշ` ոչինչ»,- նշեց Սուքիասյանը՝ ընդգծելով, որ թեկնածությունից ստիպված հրաժարվելու մասին Մխոյանը իրենց մոտ որեւէ հայտարարություն չի արել:

Ինքնաբացարկի դիմումը կքննարկի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ոստիկանությունից փոխանցեցին, որ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առիթով հարուցված քրեական գործով ձերբակալվածներ չկան:

please wait

No media source currently available

0:00 0:06:03 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG