Մատչելիության հղումներ

Իշխանությունների հրաժարականի պահանջով ցույց Բաքվում


Ադրբեջան - Ընդդիմության ցույցը Բաքվում, 8-ը ապրիլի, 2012թ.

Ադրբեջան - Ընդդիմության ցույցը Բաքվում, 8-ը ապրիլի, 2012թ.

Նախագահ Ալիեւի եւ ողջ կառավարության անհապաղ հրաժարական` սա էր կիրակի օրը Բաքվում ադրբեջանական ընդդիմադիր առաջատար կուսակցությունների կազմակերպած բողոքի ակցիայի գլխավոր կարգախոսը:

Ընդդիմադիր այս ցույցը վերջին շրջանում Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպված թերեւս ամենամարդաշատ բողոքի ակցիան էր: Ոստիկանության տվյալներով` բողոքի ակցիային մասնակցել է 1200, իսկ կազմակերպիչների պնդմամբ` շուրջ 10 հազար մարդ:

Բաքվի քաղաքային իշխանությունները ցույցի անցկացման համար ընդդիմությանը տարածք էին տրամադրել քաղաքի ամենահեռավոր արվարձաններից մեկում։

Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի պնդմամբ` անգամ իշխանությունների գործադրած սահմանափակումների պայմաններում մարդիկ մասնակցում են բողոքի գործողություններին։

«Ադրբեջանի կառավարությունը` Իլհամ Ալիեւի գլխավորությամբ, մի քաղաքականություն է իրագործում, որի նպատակն է ադրբեջանական ընդդիմության վերջնական կազմալուծումն ու անկախ ձայների լռեցումը։ Արդեն յոթ տարի է, ինչ արգելվում են բոլոր տեսակի ցույցերը», - հայտարարում էր Քերիմլին:

Ընդդիմադիր մեկ այլ կուսակցության` «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Ղամբարը չբացառեց, որ Ադրբեջանում իրադարձությունները կարող են զարգանալ հեղափոխական սցենարով:

«Մենք միշտ էլ համոզված ենք եղել, որ աշխարհում թեւածող ժողովրդավարության, ազատության եւ փոփոխությունների ոգին ի վերջո Ադրբեջան էլ կհասնի: Դրա հետ մեկտեղ, մենք ցանկանում ենք, որպեսզի այդ գործընթացը խաղաղ բնույթ կրի` առանց արաբական պետություններին բնորոշ արյունահեղության: Այնուհանդերձ, եթե իրադարձություններն այլ կերպ զարգանան, ապա դրա ողջ պատասխանատվությունն ընկնելու է Ալիեւի իշխանության վրա», - պնդում է Իսա Ղամբարը:

Ադրբեջանցի անկախ դիտորդների կարծիքով` այս ակցիան վերջին շրջանում ընդդիմության կողմից կազմակերպած ամենահաջողված գործողություններից մեկն էր:

Քաղաքագետ Էլդար Նամազովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պնդում էր, թե մարդկանց նման քանակության մասնակցությունը քաղաքի ամենահեռավոր ծայրամասում կազմակերպված ակցիային վկայում է, որ հանրության շրջանում դժգոհություններն աճում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG