Մատչելիության հղումներ

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ երեկ սննդի թունավորումներ չեն արձանագրվել, բայց այլեւս ոչինչ չմանրամասնեց` պատճառաբանելով, որ այսօր ոչ աշխատանքային օր է ու այլ տեղեկություններ տրամադրել չի կարող:

Երբ զանգահարեցինք «Շտապօգնություն» ծառայություն, այսօր հերթապահող բժշկուհին հրաժարվեց պատասխանել «Մաքսլիբերթի»-ի հարցերին` պատճառաբանելով, որ երեկ չի աշխատել ու ոչ մի տեղեկություն չունի, հրաժարվեց անգամ մինչեւ վերջ լսել հարցը ու խորհուրդ տվեց դիմել իրենց վերադասին:

Նախատոնական օրերին «Մաքսլիբերթի»-ն անդրադարձել էր Սուրբ Զատկի տոնական սեղանին ավանդաբար դրվող սննդամթերքի գների բարձրացմանն ու որակին:

Ի՞նչ դեպքեր են գրանցվել առհասարակ սննդի որակի հետ կապված, ի՞նչ են ասում այդ առումով մեր համաքաղաքացիները:

«Կանաչին էր թանկ ու լավը չէր: Անցած տարի ու այս տարի նույն բանն էր: Մարդիկ կան՝ շատ են նեղվում, եթե չեն աշխատում, գների բարձրացման համար շատ վատ ա, իհարկե: Իսկ որակը ընդհանրապես ընկել ա, որովհետեւ մենք չգիտենք՝ ինչ ենք ուտում»:

Հարցին, թե ի՞նչ ահազանգեր են ստացել, Սննդի անվտանգության պետական գործակալության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը պատասխանեց. - «Ոչ մի արտառոց դեպք չի նկատվել: Անցած տարի ձվի ներկրում ենք ունեցել, որովհետեւ մեր շուկայում չէր բավարարում, իսկ այս տարի արդեն ինքնաբավ էր, մենք ստիպված չենք եղել ներկրել»:

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը օրեր առաջ մեզ հետ զրույցում նշել էր, որ ներկրված մթերքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է մեծացնել տեղական սննդամթերքի արտադրությունը.

«Ինքը երեույթը՝ ձուն ներկրել Բուլղարիայից կամ ցանկացած այլ երկրից, ճշգրիտ տնտեսական քաղաքականության առումով աբսուրդ է: Կարելի է զարգացնել, շատացնել ձեռնարկությունները. ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է», - ասել էր Պողոսյանը:


XS
SM
MD
LG