Մատչելիության հղումներ

logo-print

Կարապետյանն անելու է հնարավորը՝ կեղծիքները բացառելու համար


Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյան

Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյան

ՀԱԿ ներկայացուցիչն առաջադրվել է՝ նպատակ ունենալով ցույց տալ «ընտրակեղծիքի մեքենան ջարդելու» վճռականությունը, ինչպես նաեւ նոր մշակույթ ներմուծել պատգամավոր-բնակիչ հարաբերություններում։

«Ինչպես ընտրարշավի, այնպես էլ քվեարկության ընթացքում անելու եմ հնարավորը՝ կեղծիքները բացառելու համար», - ներկայացնելով իր առաջիկա անելիքները՝ այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր միավորման ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը։

Վերջինիս մատուցմամբ, թեկնածու առաջադրվելու իր դրդապատճառները երկուսն են․ առաջին գործոնը Հայ ազգային կոնգրեսի որոշումն է՝ հանդես գալ հնարավորինս շատ պատգամավորի թեկնածուներով՝ նպատակ ունենալով ցույց տալ «ընտրակեղծիքի մեքենան ջարդելու» վճռականությունը։ Երկրորդ գործոնը, ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի, պատգամավոր-բնակիչ հարաբերություններում նոր մշակույթի ներմուծման ցանկությունն է։

«Ցանկանում եմ այդ կապը դարձնել ամենօրյա, մշտական, իմ անձնական պաշտոնական սայթում՝ vladimirkarapetian.am, հրապարակել եմ հեռախոսի համարը, որը կլինի անփոփոխ առաջիկա 5 տարվա ընթացքում պատգամավորական գործունեության ընթացքում։ Ունենալու եմ 5 տարվա ընթացքում մշտական գործող գրասենյակ, որը բաց է լինելու ընտրատարածքի բոլոր քաղաքացիների համար», - հայտարարեց պատգամավորության թեկնածուն։

Կարապետյանը նշեց, թե ունենալու է երկուական վստահված անձ բոլոր ընտրատեղամասերում։ Նաեւ հույս հայտնեց, որ հատկապես վերջին շրջանում ձեւավորված համագործակցության դաշտի պայմաններում, ընտրակեղծիքների կանխման նպատակով կգործակցի այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների վստահված անձանց հետ։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ պատրա՞ստ եք Ձեր մրցակցին հրավիրել հեռուստաբանավեճի, Վլադիմիր Կարապետյանն այսպես արձագանքեց․ - «Իսկական ժամանակին հուշեցիք՝ ես դա ընդունում եմ որպես խորհուրդ եւ հրապարակային մրցակցիս հրավիրում եմ բանավեճի»։

Հիշեցնենք, թիվ 2 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է առաջադրվել նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը, ում զորակցում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։

Ի պատասխան մեր հարցման՝ Սամվել Ֆարմանյանը փոխանցեց, որ նման բանավեճը դիտում է իբրեւ քաղաքակիրթ պայքարի բաղադրիչ եւ երկուսի համար փոխընդունելի ժամկետում պատրաստ է հեռուստաբանավեճի, սակայն պայմանով, որ այն «չվերածվի միջնադարյան մենամարտի»։

Վլադիմիր Կարապետյանը չհամաձայնեց լրագրողներից մեկի դիտարկմանը, թե թիվ 2 ընտրատարածքում ստեղծված են հավասար պայքար ծավալելու առումով համեմատաբար նպաստավոր պայմաններ։ Այս կապակցությամբ Կարապետյանը, մասնավորապես, նկատեց․ - «Մրցակիցս ամբողջությամբ օգտագործում է վարչական ռեսուրսը, հանդիպումներ է ունենում վարչական շրջանի ղեկավարի հետ, այլ պաշտոնյաների հետ։ Այսինքն՝ հավասար մրցակցության մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է։ Բայց դա ինձ չի վհատեցնում։ Ես էլ փորձելու եմ շատ ակտիվ շփումների մեջ մտնել բնակչության հետ, հասարակական կազմակերպությունների հետ, եւ հասնել նրան, որ ժողովուրդը իսկապես հավատա, որ արմատական փոփոխությունները անխուսափելի են»։

Վլադիմիր Կարապետյանի մրցակից Սամվել Ֆարմանյանը մեզ հեռախոսով փոխանցեց, որ բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով պայքարելու է իր ընտրատարածքում օրինական ընտրությունների անցկացումն ապահովելու համար։

Իր կողմից վարչական լծակների օգտագործման մասին հայտարարության վերաբերյալ վերջինս նշեց, թե այդ մասին որեւէ տեղեկություն չունի, եւ լավ կլիներ, որ Կարապետյանն իր ասածը հիմնավորեր կոնկրետ փաստերով։

Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սամվել Ֆարմանյան

Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սամվել Ֆարմանյան

«Ընդհանրապես, արդար եւ օրինական ընտրությունների ապահովման գործում անելիք ունենք բոլորս՝ այդ թվում ես եւ Վլադիմիր Կարապետյանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Սամվել Ֆարմանյանը։

ՀԱԿ-ի ներկայացուցիչը, մինչդեռ, մասնավորեցնում է․ - «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ երկու օր առաջ «Հայլուրի» նկարահանող խումբը հարցազրույց վերցրեց ինձանից այն բանի վերաբերյալ, թե ինչպես ենք մենք իրականացնելու քարոզչությունը, եւ լրագրողը տեղեկացրեց, որ այդ հարցազրույցը հեռարձակվելու է կիրակնօրյա «Հայլուրի» ծրագրով։ Երբ որ ես նայեցի կիրակնօրյա «Հայլուրը», իմ ռեպորտաժը չկար՝ հին ռեպորտաժն էին կրկնում Արման Մուսինյանի մասնակցությամբ։ Այնուհետեւ պարզվեց, որ խոտան է եղել։ Չգիտեմ՝ ինչքան կարելի է հավատալ այդ հանգամանքին։ Դուք բոլորդ գիտեք ով է համակարգում «Հայլուր» ծրագիրը եւ հավասարության մասին խոսելը այսօր, կարծում եմ, անիմաստ է»։

Ի դեպ, նշենք, որ Սամվել Ֆարմանյանը ներկայումս պաշտոնապես գտնվում է արձակուրդում։

Հայ ազգային ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն այսօրվա ասուլիսին անդրադարձավ նաեւ ուռճացված ցուցակների աղմկահարույց թեմային։ Ըստ վերջինիս՝ իր թիմն անում է հնարավոր ամեն ինչ, թիվ ընտրատարածքում նման ուռճացման փաստերը բացահայտելու համար։

XS
SM
MD
LG