Մատչելիության հղումներ

Տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնները բաշխվել են


Պաշտոնների մոտ կեսը բաժին է հասել իշխող Հանրապետականին։

Օրերս Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրականացրեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը:

Ինչպես պահանջում է օրենքը, պաշտոնները բաշխվեցին Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջեւ եւ ըստ խորհրդարանում կուսակցություններից յուրաքանչյուրի ունեցած խմբակցության մեծության: Այդպիսով, նշված պաշտոնների մոտ կեսը` տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների 903 պաշտոն, բաժին հասավ իշխող Հանրապետական կուսակցությանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը իր մտահոգությունները հայտնեց այդ կապակցությամբ` նշելով, թե չնայած բաշխումն իրականացվել է ըստ օրենքի, սակայն Հանրապետականը փորձելու է ընտրությունների ժամանակ օգտագործել իրեն բաժին հասած լծակը, ինչը եւ կարող է իր ազդեցությունն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Բացի այդ, ըստ Մուսինյանի, օրենքը հաշվի չի առնում, որ կարող են լինել քաղաքական ուժեր, որոնք ներկայացված չեն գործող խորհրդարանում, ուստիեւ զրկվում են նշված հանձնաժողովներում նախագահի ու քարտուղարի պաշտոն ունենալուց, ինչով անհավասար պայմաններ են ստեղծվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար:

«Ինչ վերաբերում է հանձնաժողովում ներկայացված լինելուն` դա, ըստ էության, այս չարաբաստիկ Ընտրական օրենսգրքի պահանջն է, որով սահմանվում է, որ հանձնաժողովները կազմավորվում են խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, եւ մի քանիսին էլ նշանակում են տարբեր պետական ատյաններ։ Ինչ է լինելու` Հանրապետականը փորձելու է կեղծել ընտրությունները, իսկ մենք` մեր ունեցած բոլոր հնարավոր միջոցներով, վստահված անձանց միջոցներով, անաչառ դիտորդական առաքելությունների հետ համագործակցելով, անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ համագործակցելով, փորձելու ենք այդ ընտրակեղծիքի մեքենան ջարդել», - ասաց Հայ ազգային կոնգրեսի խոսնակը։

Նույն մտահոգություններն ուներ նաեւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Միեւնույն ժամանակ, սակայն, Սաֆարյանը նշեց, որ եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, որոնց ժամանակ «Ժառանգություն»-ը ընդհանրապես չուներ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար, իսկ հիմա պետք է ունենա հանձնաժողովի 154 նախագահ ու քարտուղար, ապա այդ իմաստով առաջընթաց կա:

«Իմ համար ընտրությունների հետ կապված ավելի մտահոգիչ բաներ կան` ինչպես ցուցակների ուռճացվածությունն է, ինչպես անձնագրերի հավաքումն է կամ դրանց համարների հավաքումը, կամ, ասենք, ընտրակաշառքների բաժանումը, քան` դա։ Չմոռանանք, որ նախորդ ընտրությունների ժամանակ անգամ սա չի եղել, անգամ չի եղել դեպք, որ «Ժառանգություն»-ը թեկուզ 150-ից ավել հանձնաժողովներում նախագահի պաշտոն ունենա` բոլորը համատարած եղել են իշխանության անդամներ, եւ եթե համեմատության մեջ նայենք` անգամ սա մի փոքր ավելի դրական լույսի ներքո է նայվում», - ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը այսպես արձագանքեց հնչած մտահոգություններին. - «Նախորդ բոլոր գործընթացներում ընտրական նման նախադեպեր ընդհանրապես չեն եղել, եւ ընդդիմախոսները ենթադրություններից այն կողմ չեն անցնում։ Ես կարծում եմ, որ մեր մոտ քաղաքական համակարգի, քաղաքական զարգացումների հետ միասին կատարելության է հասնում, զարգանում եւ ավելի անթերի գործունեություն է իրականացվում նաեւ ընտրական համակարգում, եւ պրոֆեսիոնալներ են, որոնք որ պատասխանատու են ընտրական գործընթացի համար, ոչ թե պատասխանատու են իրենց քաղաքական այս կամ այն կողմնորոշման համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG