Մատչելիության հղումներ

Հայաստանը սկսել է նավթամթերքներ ներմուծել Իրանից


Իրան - Նավթավերամշակման գործարանը Ասալույեում
Իրան - Նավթավերամշակման գործարանը Ասալույեում
Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել Իրանից նավթամթերքներ ներմուծելու հարցում։ Այս մասին ասել է Նավթամթերքների իրացման իրանական ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին։

Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ` նա նշել է, թե Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ նավթամթերքների ներմուծումը Վրաստանից, ուստի Հայաստանը սկսել է նավթամթերքներ ներմուծել Իրանից։

Սալարին հայտնել է, որ Իրանի մասնավոր սեկտորը առաջին փուլում նավթամթերքներ կարտահանի դեպի Հայաստան ավտոճանապահներով` հավելելով, թե նավթամթերքների արտահանումը այնուհետեւ կշարունակվի խողովակաշարերով։

Փետրվարին Իրանի եւ Հայաստանի էներգետիկայի նախարարները համաձայնագիր են ստորագրել, որի հիման վրա էլ Իրանը բենզին եւ նավթամթերքներ կարտահանի հարեւան երկիր։

Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ, պայմանագրի համաձայն` Իրանը խողովակաշարով Հայաստան է առաքելու բենզին, դիզելային վառելիք, ինչպես նաեւ ավիացիայի համար նախատեսված վառելիք։

Իրանում բենզինի մշակման արդյունաբերությունը օրական կազմում է 50 միլիոն լիտր, իսկ նավթամթերքների արդյունաբերությունը` օրական 100 միլիոն լիտր։

Իրանի նավթամշակման եւ արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրեն Ալիռեզա Զեյդամին ասել է, որ արդեն մատակարարումներ են իրականացնում դեպի Իրաք, Հայաստան, Աֆղանստան եւ Պակիստան։

Ամփոփելով տարվա արդյունքները (Իրանում տարին հաշվում են մարտի 19-ից մինչեւ հաջորդ տարվա մարտի 19-ը)` Նավթամթերքների իրացման իրանական ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին ասել է, որ Իրանը 43 միլիոն լիտր նավթամթերք է արտահանել` նշելով, որ նավթամթերքների արտահանումից մեկ տարվա ընթացքում Իրանը մոտավորապես 10 միլիարդ դոլար է վաստակել։

Սալարին հայտնել է, որ Իրանը մտադիր է ավելացնել նավթամթերքների արդյունաբերության ծավալները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG