Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական եկեղեցին տոնեց Սուրբ Հարության տոնը


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

«Նոր մարդիկ լինենք նոր երկիր ու նոր կյանք կառուցելու համար», - իր պատգամում ասաց Վեհափառ հայրապետը։

Կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ մատուցեց եւ համայն հայությանը Սուրբ Հարության ավետիսը հղեց Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը:

Հայրապետական պատարագին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի բարերարներ, գիտության, կրթության եւ մշակույթի գործիչներ:

Պատարագի ընթացքում Սուրբ Հարության տոնի առիթով Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ հայ ժողովրդին:

«Մեր Տերը` Քրիստոս, Իր խաչելությամբ ու հարությամբ խորտակեց մահը, քավեց մարդկային մեղքերը եւ հաշտեցրեց աշխարհը Աստծո հետ, որպեսզի այն մնա այդ հաշտության մեջ հավատքով ու պատվիրանապահությամբ, խաղաղությամբ, արդարությամբ, սիրով ու ողորմությամբ», - ասաց Վեհափառը իր պատգամում, որի տեքստը տրամադրել է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Աշխարհն այսօր էլ կարիքն ունի վերափոխման, կյանքի նորոգության, քանզի բեկված է խաղաղությունը, անկատար է արդարությունը, աննահանջ են չքավորությունը, պատերազմները, աղետներն ու ավերները: Տակավին ազգեր ու ժողովուրդներ քայլում են Գողգոթայի ճանապարհով, կրում գանահարության ու հալածանքների փշե պսակը, գամվում հակամարտությունների ու արյունահեղությունների խաչին», - ասաց Գարեգին երկրորդը` շարունակելով. - «Աստվածամերժ այս ընթացքներում օրհնյալ, հարուցյալ կյանքի հույսն ու լավատեսությունն է բերում առաքյալի ավետաբեր խոսքը, որն այսօր էլ հնչում է նույն արդիականությամբ. - «Աստուած, որ Տիրոջը յարութիւն տուեց, ձեզ էլ յարութիւն պիտի տայ Իր զօրութեամբ»։

«Նոր մարդիկ լինենք նոր երկիր ու նոր կյանք կառուցելու համար: Ինչպես առաքյալները Տիրոջ հարության ավետիսով փոխակերպված ու զորացած` աշխարհը վերափոխեցին, մենք էլ մշտապես աճելով ու զորանալով հավատքի մեջ, պիտի վերափոխենք մեր իրականությունը, հաղթահարենք կյանքի դժվարությունները եւ դիմագրավենք ժամանակի մարտահրավերներին», - ասաց Վեհափառ հայրապետը։ - «Մեր պատմության նոր այգաբացն է` լեցուն մեր անկախացյալ երկրի եւ ազգային կյանքի զարթոնքի հույսերով։ Մեր հայրերը այս տեսիլքով վերապրեցին առավել դժվարին ու բարդ ժամանակներ, համբերեցին ծանր փորձությունների, տոկացին հալածանքների ու նեղությունների մեջ, տքնեցին ու ստեղծեցին արդար վաստակով եւ Հայրենիքի համար ելան անհավասար մարտերի: Պարտք ունենք մեր հայրերի եւ սերունդների առջեւ` շենացնելու մեր երկիրը, մարմնավորելու ազգային մեր իղձերը»:

«Մեր Տիրոջ կենարար խոսքին ու պատգամներին հավատարիմ, Նրա ճշմարտությամբ տոգորված` ամեն հարցում ու գործում դրսեւորենք սեր ու նվիրում առ Հայրենին, նախանձախնդրություն, ազգային շահի գիտակցություն, որ մեր ջանքն ու եռանդը դառնան արդյունք, առաջընթաց, նոր հույս ու հեռանկար: Այս պատասխանատվությամբ մասնակցենք նաեւ Հայաստանի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին, այն դարձնենք մեր երկրի եւ աշխարհասփյուռ մեր կյանքի զորացման ու զարգացման ուժ ու հենարան», - հայտարարեց Ամենայն Հայոց կաթողիկոսը։

«Մենք կարող ենք ունենալ քաղաքական ու տնտեսական հեռանկարների, ազգն ու երկիրը շենացնելու տարբեր ծրագրեր ու ակնկալիքներ, դրանց իրագործման տարբեր ուղիներ, սակայն արդարությունը, օրինահարգությունը, միմյանց հանդեպ հարգանքը, համերաշխության, հասկացողության ոգին բոլոր պարագաներում, նաեւ` ընտրական գործընթացում, կենսական պահանջ են` միավորվելու համար մեր նպատակների շուրջ եւ վկայելու կյանքը վերափոխելու մեր ձգտումն ու կամքը», - ասաց Վեհափառը իր պատգամում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG