Մատչելիության հղումներ

Սարդարապատի ծեծկռտուքից հետո թեկնածուն ինքնաբացարկ հայտարարեց


Մերուժան Մխոյանի տան մոտ

Մերուժան Մխոյանի տան մոտ

Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանը այսօր ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը։

Թեկնածությունը հանելու վերաբերյալ իր դիմումը Մխոյանը հանձնաժողովին է ներկայացրել կեսօրին։

Մերուժան Մխոյանի ինքնաբացարկը հաջորդեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտ ուրբաթ վաղ առավոտյան տեղի ունեցած ծեծկռտուքին, որի հետեւանքով երկու երիտասարդներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ մարմնական վնասվածքներ է ստացել նաեւթեկնածու Մերուժան Մխոյանը։

Թիվ 21 ընտրատարածքում Մերուժան Մխոյանից բացի մեծամասնական ընտրակարգով առաջադրված են Հանրապետական գործող պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն ու Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) թեկնածու Սեդրակ Հովհաննիսյանը:

Միջադեպից հետո Մերուժան Մխոյանի ազգականները լրագրողներին պատմել էին, որ ուրբաթ օրը վաղ առավոտյան Մխոյանին ծեծով ու բռնությամբ Սարդարապատ գյուղի գերեզմաններ տարած եւ այնտեղ ծեծկռտուք հրահրած անձինք նպատակ են ունեցել նրան ստիպել հանել թեկնածությունը, որպեսզի չխանգարի իշխանությունների թեկնածուին՝ «ՄԱՊ»-ի Ալիկ անվամբ հայտնի Ալեքսան Պետրոսյանին։

Պետրոսյանի շտաբի պետ Լեւոն Խորոզյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անմիջապես հերքել էր իրենց շտաբի կամ թիմակիցների առնչությունը այս միջադեպին՝ հայտարարելով, որ անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանի հետ որեւէ խնդիր իրենց թիմը չունի, նրա առաջադրումը իրենց ոչ անհանգստացնում է, ոչ էլկարող էր անհանգստացնել, որովհետեւ Մխոյանին «լուրջ հակառակորդ չեն էլ համարում»: Նա հայտարարել էր, որ միջադեպի մասին իմացել են ոստիկանության պաշտոնական հաղորդագրություններից:

Թիվ 21 ԸԸՀ նախագահ Գայանե Սուքիասյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանեցեց, որ Մխոյանի՝ թեկնածությունից ստիպված հրաժարվելու մասին իրենց մոտ «որեւէ հայտարարություն չի արվել»։ Ըստ Գայանե Սուքիասյանի՝ ինքնաբացարկի դիմումը կքննարկի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Մխոյանը առայժմ որեւէ մեկնաբանությամբ հանդես չի գալիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG