Մատչելիության հղումներ

logo-print

ՕԵԿ նախագահը «օրենքի ու արդարության սով» է տեսնում երկրում


ՕԵԿ-ի ներկայացուցիչները Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում, 6 ապրիլի, 2012 թվական

ՕԵԿ-ի ներկայացուցիչները Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում, 6 ապրիլի, 2012 թվական

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իշխող քաղաքական կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանի համոզմամբ, այսօր Հայաստանի բազմաթիվ ոլորտներում «օրենքի ու արդարության սով է»:

«Այսօր մենք պիտի մեր երկիրը դարձնենք օրենքի եւ արդարության երկիր: Մեր հռչակած նպատակները ազնիվ են, մեր որդեգրած կուրսը հստակ է եւ մենք ուզում ենք կառուցել իրոք օրենքի եւ արդարության Հայաստան», - հայտարարեց ՕԵԿ առաջնորդը շաբաթ օրը Ազատության հրապարակում կուսակցության հանրահավաքի ժամանակ:

«Մենք ուզում ենք, որ մեր երկիրն ապրի օրենքի ուժով, որ մեր հասարակությունը ապրի օրենքի կանոններով, որ երկրում բոլոր ոլորտներում հաղթանակի ոչ թե փողը, ուժը, այլ օրենքը, խելքը, արդարությունը», - շարունակեց Բաղսարյանը:

Իր ելույթում ՕԵԿ ղեկավարը նաեւ հայտարարեց՝ ՕԵԿ-ը «լույսի պես մաքուր է»:

«Մենք Հայաստանում կապ չունենք ոչ արյան, ոչ թալանի, ոչ գողության, ոչ կողոպուտի հետ: Ես չեմ խոսում այլոց մասին, ես խոսում եմ մեր տեսակի մասին՝ ինչպիսին ենք մենք, ինչպիսի ծրագրերով, մոտեցումներով ենք գնում առաջ: Այսօր բազմաթիվ չարախոսներ, թուլակամներ, ահաբեկված լինելով «Օրինաց երկիր» կուսակցության օրեցօր աճող հեղինակությունից, փորձում են բանսարկությամբ, վայրահաչոցներով, փնովել ՕԵԿ-ին, բայց դա նրանց չի հաջողվի», - ասաց Արթուր Բաղդասարյանը՝ չմանրամասնելով, թե ում նկատի ունի:

Բաղդասարյանը, խոսելով ՕԵԿ վարած քաղաքականության մասին, ասաց՝ կուսակցությունը քաղաքական դաշտում հանդես է գալիս քաղաքական հանդուրժողականության օգտին. - «Դրա համար «Օրինաց երկիր» կուսակցության հիմնական կարգախոսներից մեկը եղել եւ մնում է՝ «Քաղաքական խաղաղություն, եւ ոչ քաղակական պատերազմ, քաղաքական մրցակցություն եւ ոչ քաղաքական թշնամություն»: Թող հաղթեն այն քաղաքական ուժերը, այն գործիչները, ովքեր իրոք կստանան ժողովրդի վստահության քվեն», - ասաց նա:

Խոսելով ընտրակաշառքների, մասնավորապես, այն մասին, որ «այսօր այսօր շատ է խոսվում փողի ուժով քվե հավաքելու մասին», Բաղդասարյանը ասաց. - «Օրինաց երկիր» կուսակցությունը վճռականորեն դատապարտում է փողով քվե գնելու, ժողովրդի սոցիալական վիճակը էլ ավելի ծանրացնելու այդ մտայնությունը: Մարդիկ պետք է գիտակցեն, որ փողով գնված յուրաքանչյուր քվեն կորած քվե է: Մարդիկ պետք է քվեարկեն համոզմունքներով, գաղափարներով՝ զգալով պատասխանատվություն իրենց օջախների, իրենց հայրենիքի նկատմամբ»:

ՕԵԿ ղեկավարը նաեւ իր ելույթում համոզմունք հայտնեց, որ «պետություն պետք է տեր կանգնի մարդուն»:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք այն մտայնությունը, որ այսօր փորձում են քարոզել՝ եթե մարդը փող չունի, ուրեմն մարդ չէ: Ո՛չ, եթե մարդը փող չունի, հնարավորություն չունի, նրա տերը պետք է լինի պետությունը», - ասաց Բաղդասարյանը:

Հանրահավաքից հետո թե Արթուր Բաղդասարյանը, թե կուսակցության մյուս ղեկավարները հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG