Մատչելիության հղումներ

Ապրիլի 7-ի մամուլ


Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի վերաբերյալ հռչակագրի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, «Ժառանգության» նախընտրական շտաբի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ հնարավոր է` «Ժառանգությունը» ետ վերցնի իր ստորագրությունն ընտրությունների վերահսկման ընտրական շտաբի ձեւավորման մասին հռչակագրի տակից»: Հովհաննիսյանը պատասխանում է. - «Հիմա կան տարբեր նախաձեռնություններ. կա նախափաստաթուղթ, որ ստորագրվեց Քաղաքագետների միությունում, կա ԱԺ նախագահի նախաձեռնությունը կա պարոն Դավիթ Հարությունյանի արձագանքը: Ես ասում եմ` այս բոլորը եթե ունենալու են շարունակություն` ստորագրվելով ինը ուժերի կողմից կամ նվազագույնը 3-ի կամ 4-ի կողմից, անհրաժեշտ է, որ ընդունվեն անվանական պատասխանատվություն կրողների կողմից, այսինքն` ցուցակների առաջատարների կողմից, առաջին դեմքերի կողմից: Երկրորդ` այդ ընդհանուր հայտարարին փաստորեն գալիս ենք Հայաստանի Սահմանադրությունը եւ օրենքները քաղաքական հանձնառությամբ ուժեղացնելու կամ խորացնելու համար»:

Նույն հարցի շուրջ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչո՞ւ ենք այդքան կարեւորում «Ժառանգությանը»: Որովհետեւ մնացածների դեպքում ամեն ինչ հասկանալի է. Կոնգրեսը փորձում է իշխանափոխություն իրականացնել, կստացվի, թե՝ ոչ, բոլորովին այլ հարց է: Սերժ Սարգսյանը փորձում է պահպանել իշխանությունը: «Բարգավաճ Հայաստան»-ը փորձում է պահպանել ինքնուրույնությունը, դաշնակցականները փորձում են վերականգնել իրենց երբեմնի ընդդիմադիր իմիջը: Նույնիսկ «Ազատ դեմոկրատների» դիրքորոշումն ու նպատակներն են հստակ. ինչ-որ պահի նրանց թվացել է, թե «էս սաղ աթոռակռիվ ա» եւ ըստ այդմ էլ որոշել են՝ «դե, եթե մանդատի կռիվ ա, հենա Րաֆֆին էլ կմիանանք, ու համ իշխանության հետ խաղերը տալը էդքան զապադլո չի լինի, համ էլ շանսերը նաղդ մեծանում են»: Եվ պատկերացրեք հաշվարկը միանգամայն ճիշտ է: Իսկ ի՞նչ է մտածում «Ժառանգություն»-ը, ավելի ճիշտ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա անում է այն, ինչ արել է միշտ: Հինգ տարին շարունակ ներկայանում է որպես խորհրդարանական կոշտ ընդդիմություն, բայց բոլոր այն յուրայիններին, ում շնորհիվ կարողացել է ներկայանալ որպես այդպիսին, գործնականում դուրս է շպրտում համամասնական ցուցակից: Հետո ցուցակ է կազմում, որտեղ հայտնվում են հասարակությանը անհայտ, բայց նախագահականում լավ էլ հայտնի անձինք»:

Այդ նույն շտաբերի շուրջ «168 ժամ»-ը զրուցել է Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Իսկ ՀՀԿ-ն ինչո՞ւ չմիացավ արտախորհրդարանական շտաբին: Իր այդ քայլով կարծես թե ապացուցեց, որ ընտրակեղծիքներն իրականացնողը հիմնականում ինքն է, իսկ մյուսները միավորվում են իր դեմ»: Նիկոյանը պատասխանում է. - «Դրա համար նորից եմ ասում, որ երբ մի կառույց զբաղված է քաղաքական հայտարարություններով, դրա համար մի նոր կառույց ստեղծել պետք չէ: Դրա համար կան միտինգներ եւ նման այլ միջոցառումներ: 5 տարի ու դրանից առաջ լսել ենք, հետո էլ կլսենք նման հայտարարություններ: Այս դեպքում խոսքը վերաբերում է կոնկրետ գործ եւ ոչ թե` քաղաքական հայտարարություններ անելուն»:

«Երկիր»-ը գրում է. - «Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ համամասնական ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Սերգո Կարապետյանը բառացիորեն ասել է հետեւյալը՝ «Մենք բոլորս պետք է մի մեխի խփենք, պետք է համախմբվենք ՀՀ նախագահի շուրջ, մեր քվեն տանք իշխող կուսակցությանը, մեր նախագահին, որովհետեւ եկող տարի գալու է նախագահական ընտրությունների ժամանակը»: Նման հավատարմության համար, ինչ խոսք, ոչ միայն կարելի է վիրավորվել, այլեւ նույնիսկ հոգի տալ: Բայց գյուղնախարարը փաստացի արել է քարոզչական հայտարարություն, թեեւ պաշտոնապես քարոզարշավի մեկնարկը տրվելու է ապրիլի 8-ին: Երկրորդ, այդ քարոզչությունը նա արել է աշխատանքային ժամին, այն էլ բարձրագույն ուսումնական հաստատությունում, ինչը եւս արգելվում է: Բայց այս իրավիճակում մի փոքր նրբություն կա, որը այս զանցանքների համար նախարարին ներելու լուրջ առիթ է: Բանն այն է, որ Կարապետյանը ոչ թե իր կամ էլ հարազատ ՕԵԿ-ի քարոզչությունն է արել, այլ` ոչ ավել ոչ պակաս… իշխող կուսակցության եւ հանրապետության նախագահի»:

Ազգային ժողովի ընտրությունների շուրջ սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը «Ժամանակ»-ին ասում է. - «Անհասկանալի է, թե ինչ է նշանակում նոր Ազգային ժողով: Գաղափարախոսություն չկա՝ ահա սրա վակուումը կա մեզանում, ժողովուրդը ոչ թե դեմքերի փոփոխությունն է սպասում, այլ ուղու փոփոխություն, քանզի դեմքերի փոփոխությունը ոչինչ չի կարող տալ, եթե այդ նոր դեմքերը նոր գաղափարախոսություն չեն բերում, եթե նրանք չեն տեսնում եւ չեն առաջարկում ծառացած խնդիրների լուծման միակ ուղին: Իրականում սա հերթական, շարքային ընտրություն է, քանի որ եթե անգամ դեմքերը փոխվեն, չեն փոխվում Ազգային ժողովի գործառույթները: Նույն ԱԺ-ն է, ի՞նչ տարբերություն՝ ով է նստած նիստերի դահլիճում կոճակներ սեղմում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG