Մատչելիության հղումներ

Առաջին հեծանվային կայանատեղին՝ ԵՊՀ-ի դիմաց


Միքայելը եւ Բակուրը այսօր գիշերը ժամը 3-ին դուրս են եկել Վանաձորից եւ հեծանիվներով հասել Երեւան՝ մասնակցելու առաջին հեծանվային կայանատեղիի բացմանը:

Բացմանը մասնակցում էին եւս 22 հեծանվորդներ. ոմանք՝ սեփական, մյուսները՝ վարձած հեծանիվներով: Իսկ ապրիլի 7-ի կապակցությամբ աղջիկներին հեծանիվները տրամադրվել էին անվճար:

Կայանատեղին Երեւանի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի մոտ է եւ նախատեսված է 17 հեծանիվների համար, իսկ մյուսը նախատեսվում է բացել Ֆրանսիական համալսարանի մոտ:

«Ես հեծանիվով եմ գնում համալսարան, բայց իմ համալսարանում կայանատեղի չկա ու պահակները մի քիչ թարս են նայում, երբ սկսում եմ դարպասների ճաղերից ամրացնել հեծանիվս, բայց կարծում եմ կսովորեն», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց մասնակիցներից Անահիտը:

Կայանատեղիի բացման նախաձեռնողները նշում են, որ հեծանիվը որպես փոխադրամիջոց մասսայական դարձնելու լավագույն գրավականը հեծանվային երթեւեկության համար ենթակառուցվածքների ստեղծումն է՝ հեծանվային արահետներ, կայանատեղիներ եւ այլն:

Հեծանիվն էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է, կօգնի շրջանցել խցանումները, սակայն ինչպես նշեց «Հեծանիվ +» կազմակերպության նախագահ Սամվել Հովհաննիսյանը, Երեւանի փողոցները հարմարեցված չեն հեծանվային երթեւեկության համար:

«Քանի որ Հայաստանում ոչ մի հեծանվային արահետ չկա, մեր վարորդները շատ չեն տեսել հեծանվորդ եւ նրանց չեն համարում իրենց հավասար փոխադրամիջոց, լավ չեն վերաբերում, շատ ժամանակ ազդանշան են տալիս», - ասաց Հովհաննիսյանը:

Մինչեւ կայանատեղիի բացումը, մասնակիցները հեծանիվներով շրջում էին Երեւանում՝ իրենց վրա կրելով հեծանվային երթևեկության նշանները խորհրդանշող պաստառներ: Անցան նաեւ Մաշտոցի պուրակով, որտեղ մի խումբ բնապահպաններ մեկ ամսից ավելի է պայքարում են այգում տեղադրված առեւտրի սրահների ապամոնտաժման համար:

«Պայքարի սկզբից էլ այստեղ ենք եղել, քանի որ մեզ հուզում է այս հարցը: Այդ պատճառով որոշեցինք, որ երթուղին կանցնի նաեւ Մաշտոցի այգով՝ եւս մեկ անգամ դրա մասին հիշեցնելու համար», - ասաց Հովհաննիսյանը:
XS
SM
MD
LG