Մատչելիության հղումներ

ԵվրԱզԷս-ին անդամակցելու համար Հայաստանին պետք է «հատուկ կարգավիճակ»


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան

«Հայաստանը առաջարկում է զարգացնել ինտեգրումը Եվրասիական մաքսային միության հետ՝ տալով հանրապետությանը հատուկ կարգավիճակ: Տարածքային առումով հեռու գտնվող երկրին տնտեսական տարածության մեջ ներգրավելու հետաքրքրություն առաջացնելու համար կարելի է օգտագործել սուբսիդիաներ, դոտացիաներ, օգնություն եւ արտոնություններ», - ռուսական Газета.Ru էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է ԵվրԱզԷս-ի շրջանակներում ինտեգրման գործընթացներով (նախկին խորհրդային հանրապետություններից կազմված տնտեսական դաշինք, որի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը: Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան դիտորդի կարգավիճակ ունեն):

Մարտի 20-ին տեղի ունեցած ԵվրԱզԷս-ի միջպետական խորհրդի նիստին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կոչ էր արել դիտորդ երկրներին միության լիակատար անդամ դառնալ:

«Եթե անդամակցում ես որեւէ միջազգային կառույցի, ստանում ես որոշակի արտոնություններ: Եթե իրավունքի սուբյեկտ հանդիսացող նման միությանը չես մասնակցում, համապատասխանաբար քեզ մոտ հնարավոր է խնդիրներ լինեն: Մենք հարկ համարեցինք մեր դիրքորոշման մասին տեղեկացնել մեր որոշ դիտորդ երկրների»,- հայտարարել է Մեդվեդեւը:

Газета.Ru-ի հարցին, թե Հայաստանը տեսնո՞ւմ է հնարավորություն ԵվրԱզԷս-ի հետ ավելի սերտ ինտեգրման համար, Տիգրան Սարգսյանը պատասխանել է. - «Հարցը այն է, թե ինչպես կընթանան ինտեգրման գործընթացները եւ ինչ ձեւեր կստանան: Հայաստանն ունի իր խնդիրները՝ կապված մաքսային միության հետ: Համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի մի օրինակ, որ երկիրն անդամակցի մի միության, որի հետ չունի ընդհանուր սահման: Այլապես նման միությանը անդամակցելու օգուտները բացակայում են, քանի որ դա նշանակում է, որ ապրանք արտադրողները, երբ արտահանում կամ ներմուծում են իրենց ապրանքը, ստիպված են անցնել մաքսազերծման գործընթացը երրորդ երկրի միջոցով: Արդյունքը դրականի փոխարեն բացասական է լինում. չի լինում ապրանքների ազատ տեղաշարժ, սակայն երկիրը ստիպված է լինում համաձայնեցնել մաքսային սակագները մաքսային միության մյուս մասնակիցների հետ: Դրա համար էլ մենք առաջարկել ենք մեր ռուս գործընկերներին Հայաստանի եւ Եվրասիական մաքսային միության միջեւ փոխհարաբերություններում մշակել այլ պլատֆորմ՝ տալով երկրին հատուկ կարգավիճակ», - ասել է վարչապետը՝ մանրամասնելով. - «Անհրաժեշտ է բանակցել ընկերակցության բոլոր մասնակիցների հետ, ինտեգրման համար անհրաժեշտ է ստեղծել տնտեսական խթաններ»:

Անդրադառնալով Եվրամիությանը եւ միաժամանակ ԵվրԱզԷս-ին ինտեգրվելու գործընթացներում հակասությունների մասին խոսակցություններին՝ վարչապետն ասել է, որ այստեղ որեւէ հակասություն չկա:

«Ռուսաստանը եւս, չնայած նրան, որ ստեղծում էր Մաքսային միությունը, դրան զուգահեռ շարունակում էր Առեւտրի համաշախարհային կազմակերպությանն անդամակցելու աշխատանքները եւ դիտում էր այդ գործընթացները ոչ թե որպես իրար բացառող, այլ փոխլրացնող: Այդպես էլ մենք ենք հարցին մոտենում: Հայաստանը հետաքրքրված է իր շուկաների ընդլայնմամբ: Ճիշտ այդպես մենք դիտարկում ենք Եվրամիության շրջանակում ազատ տնտեսական գոտու անդամ դառնալու մեր ցանկությունը: Դա, իհարկե մեր տնտեսության զարգացման մեծ խթան կհանդիսանա», - ասել է Հայասանի վարչապետը:

Газета.Ru-ն անդրադարձել է նաեւ Իրանի շուրջ իրավիճակի սրացմանը եւ դրա հետ կապված Հարավային Կովկասում իրադրության զարգացմանը: Հարցին, թե ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից ինչպիսի՞ միջոցներ են դիտարկում Հայաստանի իշխանությունները, այն դեպքում, երբ Իրանի շուրջ իրավիճակը վատթարանա՝ ընդհուպ մինչեւ ռազմական կոնֆիլկտի վերածվելը, վարչապետը պատասխանել է. - «Եթե փորձ արվի ռազմական լուծման, դա մեզ համար ամենաանցանկալի իրավիճակն է: Մեր հարաբերությունները աշխարհի հետ կառուցվում են Իրանի եւ Վրաստանի միջոցով, քանի որ Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը, իսկ Ադրբեջանի հետ ոչ մի տնտեսական կապ չունենք: Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է, որ Իրանում կայունություն լինի: Հակամարտությունը շատ ուժեղ հարված կհասցնի մեր տնտեսությանը, քաղաքական, սոցիալական իրավիճակին: Իհարկե, մենք շատ ուշադիր հետեւում ենք իրադրությանը եւ հաշվի ենք առնում այդ ռիսկերը»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG