Մատչելիության հղումներ

logo-print

Արդարադատության նախարարի ասուլիսը «Ազատության» եթերում


Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին Ֆեսյբուքի օգտատերերը տարաբնույթ հարցեր էին ուղղել։

Ընտրացուցակներում «մեռած հոգիների» առկայության մասին հարցին Թովմասյանը պատասխանեց, թե ծառայողական քննություն է նշանակել, որովհետեւ որոշ դեպքերում արդարադատության նախարարության ստորաբաժանումների մեղքն էլ կա, որ ցուցակներում մահացած մարդկանց անուններ են մնացել։

«680 մարդ հանվել է ցուցակից հենց այս պատճառով։ Ընդունում ենք մեր թերացումը, համապատասխան հետեւություններ կանենք եւ համապատասխան անձիք պատասխանատվության կենթարկվեն այդ թերացումների համար», - նշեց նախարարը։ - «Այս հարցում հետեւողական ենք լինելու, որպեսզի ցույց տանք, որ նման ճանապարհներով եւ նման միջոցներով չէ, որ պատրաստվում ենք ընտրություններին մասնակցել»։

Ինչո՞վ է Հրայր Թովմասյանը բացատրում «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանի ընդգրկումը ՀՀԿ համամասնական ցուցակում։ Թովմասյանն ասում է՝ Մանվել Գրիգորյանը կարող է իր պառլամենտական գործունեության ընթացքում ոչինչ չանել, միայն նստել, քանի որ նա ցուցակում ընդգրկվել է իբրեւ անկախության հիմքում կանգնած մարդ։

«Մեր մրցակիցների հռետորիկայում երբեմն նկատվում է՝ չասեմ նահանջողականություն, բայց Ղարաբաղի հարցում որոշակի այլ մոտեցումներ։ Մանվել Գրիգորյանը դա հասարակության այն շերտի ներկայացուցիչն է, որոնց համար այդ խնդիրը ընդհանրապես գոյություն չունի։ Հանրապետական կուսակցությունը հանրությանը ցույց է տալիս, որ այս խավը ներկայացված է եւ այն արժեքները, որոնք հասարակական այս շերտը ներկայացնում է Ղարաբաղի հետ կապված, դա նաեւ մերն է, եւ այն մարդիկ, որոնք կփորձեն երբեւէ շահարկել, խոսել Ղարաբաղի հարցից, պիտի մեկ անգամ նայեն Մանվել Գրիգորյանի աչքերին, եւ նոր դրանից հետո այդ որոշումը կայացնեն», - հայտարարեց արդարադատության նախարարը։

Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի խնդրանքով Հրայր Թովմասյանն անդրադարձավ նաեւ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տարեկան զեկույցին։ Պաշտպանը, հիշեցնենք, առավելապես առանձնացրել էր դատական պաշտպանության խնդիրը։ Նախարարը կարծիք հայտնեց, որ օմբուդսմենի ինստիտուտը մեզանում կայացման խնդիր ունի, Անդրեասյանին էլ խորհուրդ տվեց գնահատականներում զգույշ լինել։

«Այսինքն՝ երբ մարդու իրավունքների պաշտպանը սկսում է խոսել, թե ինչու ֆիլհարմոնիկ դահլիճի բեմը չի վերանորոգվել, եւ դա դիտարկվում է որպես մարդու իրավունքների խախտում, կամ ինչու տարբեր նոտարական ծառայությունների համար տարբեր սակագներ են սահմանում (որովհետեւ հենց այդպես էլ պետք է լինի, սահմանված է որոշակի մարժա), այս դեպքում նաեւ որոշակիորեն արժեզրկվում է այդ զեկույցը», - կարծիք հայտնեց նախարարը։ - «Ուստի, այս ինստիտուտի գլխավոր արժեքը պայմանավորված է նրանով, թե որքան հեղինակավոր մարդ է, որքան անաչառ է այս ամբողջը իրականացնում, եւ մենք այս առումով խնդիր ունենք»։

Ֆեյբուքի օգտատերերից մեկին հետաքրքրել էին արդարադատության նախարարի եւ դատական ակտերի հարկադիր ծառայության պետ Միհրան Պողոսյանի հարաբերությունները։ Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, թե Թովմասյանը, նշանակվելու պահից, որոշակի զգուշությամբ է վերաբերվում Պողոսյանին՝ նրա արտոնյալ պահվածքի պատճառով։

«Իմ եւ դատական ակտերի հարկադիր ծառայության պետ Միհրան Պողոսյանի հարաբերությունները շատ ստանդարտ հարաբերություններ են, ինչպես նախարարի եւ իր ենթակայի», - արձագանքեց Հրայր Թովմասյանը։

Պատասխանելով Մաշտոցի պուրակի խնդրի մասին հարցին, արդարադատության նախարարը նշեց, որ եթե ակտիվիստները փորձեն ապամոնտաժել կրպակները, այդ արարքը քրեական պատասխանատվություն կենթադրի։ Այդուհանդերձ, նախարարը նշեց, թե պայքարը «շատ լավ» երեւույթ է համարում։

«Եթե այս շարժումը լիներ 90-ականներին կամ մի քիչ ավելի ուշ, մենք մենք շատ ավելի այլ Երեւան կունենայինք, քան թե այսօր», - կարծիք հայտնեց նախարարը։

XS
SM
MD
LG