Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահի նախաձեռնությամբ ստեղծվեց մոնիթորինգային խումբ


Արձագանքելով Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկ-նամակին` այսօր խորհրդարանի ղեկավարին կից ընտրական գործընթացների եւ Ընտրական օրենսգրքի կիրարկման մոնիթորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով հրավիրված հավաքին մասնակցել են ընտրապայքարին մասնակցող [որհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների հայաստանյան առաքելությունների ներկայացուցչությունները:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` խորհրդարանում կայացած հանդիպման մասնակիցների թվում էին «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅ Դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, «Միավորված հայեր», «Օրինաց երկիր» կուսակցությունների, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Սիվիլիթաս հիմադրամ», «Քաունթերփարթ ինթերնեշնլ Արմենիա», «Հանրային լրագրության ակումբ», «Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն», «Գործընկերություն եւ ուսուցում» հասարակական կազմակերպությունների, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան, Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները:

Նշվել է, որ աշխատանքային խմբի հիմնական գործառույթներից են լինելու Ընտրական օրենսգրքի կիրարկման մոնիթորինգը, դրանում կատարված փոփոխությունների կենսունակության դիտարկումը, ինչպես նաեւ արձագանքումն ու կանխումն այն դրսեւորումների, որոնք չեն բխի գործող օրենսդրությունից:

Կոնսեսուսով որոշվել է, որ աշխատանքային խմբում կարող են ընդգրկվել խորհրդարանական ընտրությունների համար գրանցված քաղաքական ուժերը` յուրաքանչյուրը մեկական ներկայացուցչով:

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող հասարակական կազմակերպություններին, իրենց իսկ` ՀԿ-ների ներկայացուցիչների առաջարկով, խմբում կներկայացնեն իրենց կողմից ընտրված երեք կազմակերպությունները` դարձյալ մեկական մասնակցով: Վերջիններս օժտված կլինեն նույն լիազորություններով, ինչ քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության միասնական կարծիքը ներկայացրել է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոստրան. որոշվել է, որ միջազգային կազմակերպությունները խմբի աշխատանքներին կմասնակցեն դիտորդի կարգավիճակով:

Հավաքի մասնակիցները որոշել են մեկ անգամ եւս եղած առաջարկները քննարկել իրենց կուսակցություններում եւ կազմակերպություններում ու վերջնական տարբերակը հաստատել աշխատանքային խմբի հաջորդ նիստում:

Որոշվել է, որ նիստերի նախագահությունը կիրականացվի հաջորդաբար` ըստ այբբենական կարգի:

«Իմ նպատակն է, որ ապահովվեն մասնակից բոլոր կողմերի հավասար ներկայացվածությունն ու մասնակցությունը», - իր առաջարկը հիմնավորել է Սամվել Նիկոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG