Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը խախտումներ ակնկալում է նախընտրական փուլում


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Երկուշաբթի օրվանից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կսկսի դիտարկել նախընտրական գործընթացներն ու իրավախորհրդատվություն տրամադրել գրասենյակին դիմած քաղաքական ուժերին ու քաղաքացիներին:

Այս նպատակով պաշտպանի գրասենյակում գործող անվճար թեժ գիծը կսպասարկեն իրավաբանները: Գրասենյակը կունենա նաեւ 20 շրջիկ ավտոմեքենաներ, որոնք ահազանգերի դեպքում կգնան դրանց հետքերով:

Հայաստանի վեց քաղաքներում` Վանաձորում, Գյումրիում, Իջեւանում, Եղեգնաձորում, Կապանում եւ Գավառում երկուշաբթի օրանից կգործեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մարզային մասնաճյուղերը, որոնք եւս կզբաղվեն իրավախորհրդատվությամբ ու դիտորդությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իրավախորհրդատվության ու դիտորդության արդյունքները կամփոփի հայտարարությունների, զեկույցի տեսքով: Օմբուդսմենը նաեւ համագործակցության առաջարկ է անելու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպիսի՞ նախընտրական պայքար է սկսվել, պատասխանեց, որ Հայաստանում դեռեւս նախընտրական պայքարը գաղափարական հիմքի վրա չէ:

«Գաղափարների կռվի մասին ես երազում եմ, բայց ակնկալել դեռ չեմ կարող», - ասաց օմբուդսմենը:

Անդրեասյանը կարծում է, որ քվեարկության օրը կանցնի «մաքուր ու խաղաղ»: Իսկ մինչ այդ, ըստ պաշտպանի, կլինեն խախտումներ:

«Տեղի կունենա ընտանեկան, համայնքային, թաղային ընկերական, իրար համոզելու եւ կլանային, թիմային որոշում կայացնելու [գործընթացներ], թե ով ում կընտրի: Այդ գործընթացում որքան կլինի գումարը, որքան կլինի վարչական ռեսուրսը, որքան կլինեն կապերը, ահաբեկումը, դեռեւս քննարկման եւ սպասման փուլում է: Իմիջիայլոց, կարող են լինել այդպիսի ահաբեկումներ եւ իշխանական, եւ նույնիսկ ընդդիմադիր դաշտում: Ինչո՞ւ… որովհետեւ ընտանեկան, համայնքային մակարդակում մարդկանց կարող են ճնշել: Եթե, ասենք, քո ընտանիքում բոլորը ընդդիմադիր են, եւ դու ուզում ես իշխանական կողմին ձայն տալ, կարող են նաեւ այդ անձի վրա ճնշումներ լինեն», - ասաց Անդրեասյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը թեեւ ամենատարածված խախտումը համարում է արդար դատաքննության իրավունքի խախտումը, քաղաքական ուժերին, սակայն, խորհուրդ է տալիս մինչեւ փողոց դուրս գալը դիմել իրավական մեթոդների․ - «Իմ բողոքի արտահայտման բոլոր հնարավոր մեխանիզմները գործադրելուց՝ ես, միեւնույնն է, այս դատական համակարգում նույնպես կհավաքեի այն իրավական բազան, որը կօգնի, որպեսզի քո բողոքները լինեն արժանավահատ թե՛ միջազգյաին հանրության, եւ թե մնացած բոլորի համար»։

please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG