Մատչելիության հղումներ

Վարչապետը եւ ԱԺ նախագահը քարոզչության ընթացքում արձակուրդ չեն մեկնի


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, նաեւ իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված նախարարները այս կիրակի մեկնարկող քարոզարշավի ընթացում արձակուրդ չեն մեկնի:

Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով գլխավորում է ՀՀԿ-ի համամասնական ցուցակը, ապա նախագահի նստավայրն առայսօր որեւէ տեղեկատվություն այդ մասին չի հրապարակել:

Հայաստանի Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք, (նախագահի, վարչապետի, նախարարների, ԱԺ նախագահի, նաեւ պատգամավորների պաշտոնները համարվում են քաղաքական), եթե թեկնածու են, ապա իրենց պաշտոնական լիազորությունները իրականացնելիս չեն կարող նախընտրական քարոզչությամբ զբաղվել:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է վարչապետը քարոզչություն իրականացնելու, եթե արձակուրդ չի մեկնում, եւ արդյո՞ք նա նախընտրական քարոզչությունը միայն աշխատանքային ժամերից դուրս է իրականացնելու, վարչապետի խոսնակ Արամ Անանյանը միայն փոխանցեց. - «Հայաստանի վարչապետը գործելու է օրենսդրության սահմաններում»:

Մինչդեռ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնողները՝ եւ երկրի նախագահը, եւ նախարարները, կարող են աշխատանքային ժամերին նախընտրական քարոզչությամբ զբաղվել, քանի որ աշխատանքային ժամերին նախարարը, օրինակ, կարող է եւ իր լիազորությունները չիրականացնել: Ըստ Թովմասյանի՝ քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար աշխատանքային ժամերը նորմավորված չեն:

«Նախարարը իր աշխատանքային ժամերի ընթացքում կարող է նաեւ իր լիազորությունները չիրականացնել: Նա կարող է գնալ մասնակցել [օրինակ, հանրահավաքի, քարոզել] եւ չի խախտի Ընտրական օրենսգիրքը, որովհետեւ քարոզարշավ իրականացնելիս, եթե ես՝ որպես արդարադատության նախարար, վաղը գնամ Տավուշի մարզ, ասենք, Բերքաբեր գյուղում ժողովրդին հավաքեմ եւ ներկայացնեմ Հանրապետական կուսակցության արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարությունը, դա արդարադատության նախարարության լիազորությունների մեջ չի մտնում: Այստեղ ուղղակի այլ հարց կարող եք բարձրացնել, թե ես իմ աշխատանքային ժամերին պետք է լինեմ աշխատանքի վայրում, թե՝ ոչ: Պետք է ասեմ, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնողների աշխատանքային ժամերը նորմավորված չեն: Աշխատանքային ժամ եւ լիազորությունների իրականացումը տարբեր բաներ են», - ասաց Թովմասյանը:

Արդարադատության նախարարի փոխանցմամբ՝ օրենքը կարող է խախտվել միայն այն դեպքում, երբ, օրինակ, նախարարը կամ նախագահը, իր պաշտոնական լիազորությունները իրականացնելիս, խորհրդակցություն անցկացնի եւ այդ ընթացքում քարոզի այս կամ այն ուժի օգտին:

Մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, անդրադառնալով այս խնդրին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ օրենքը հստակ ասում է, որ աշխատանքային ժամերին վերոհիշյալ պաշտոնյաները պետք է քարոզչությամբ չզբաղվեն:

«Աշխատանքային օրը մեր երկրում սկսվում է ժամը 9-ին, ավարտվում՝ ժամը 6-ին: Այդ ժամանակահատվածում նրանք պետք է զբաղվեն միայն աշխատանքային լիազորություններով: Որեւէ հանրահավաքի, որեւէ հանդիպման նրանք մասնակցելու իրավունք չունեն: Եթե ուզում են մասնակցել, ապա իրենք եւս պետք է արձակուրդ ձեւակերպեն: Հակառակ դեպքում դա օրենքի խախտում կդիտվի, եւ օրենքի խախտումով նրանց գործունեությունը կորակվի որպես բացառիկ ընտրակեղծիք», - ասաց Թադեւոսյանը:

Թադեւոսյանի խոսքով՝ ՀՀԿ-ի թեկնածու համարվող, բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք արձակուրդ չեն մեկնում, որպեսզի իշխանական լծակները օգտագործեն նաեւ նախընտրական շրջանում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG