Մատչելիության հղումներ

Բրայզան ճեղքում է ակնկալում ղարաբաղյան բանակցություններում


Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում շուտով ճեղքում կարձանագրվի։ Այդ մասին նա լրագրողներին ասել է երեկ Բաքվում` ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

«Այն ժամանակամիջոցում, երբ ես այստեղ չեմ եղել [այս տարվա սկզբից], կտրուկ տեղաշարժ տեղի չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Ինչպես եւ նախկինում` ես համոզված եմ, որ բանակցությունների սեղանին են իրականանալի եւ արդարացի առաջարկներ, որոնց վրա համանախագահները աշխատել են շատ տարիներ, եւ ես մտածում եմ, որ ճեղքումը տեղի կունենա, երբ երկու երկրների [Հայաստանի եւ Ադրբեջանի] նախագահները կզգան, որ կարող են բավականաչափ վստահել մեկմեկու», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Բրայզան։

«Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով, սակայն դա կախված է նախագահներից, անշուշտ, եւ հասարակություններից։ Հասարակությունները եւս պետք է հասկանան, որ պետք է ապրեն միասին», - նշել է Մինսկի խմբի նախկին համանախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG