Մատչելիության հղումներ

Պրահայի հայերի բողոքի ցույց Ալիեւի այցի առիթով


Պրահայի հայերի բողոքի ցույցը Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ, 5-ը ապրիլի, 2012թ.
Պրահայի հայերի բողոքի ցույցը Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ, 5-ը ապրիլի, 2012թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Չեխիա կատարած այցի կապակցությամբ Պրահայում բնակվող հայերի մի խումբ հինգշաբթի օրը քաղաքի կենտրոնում` Պալացկու հրապարակում բողոքի ցույց անցկացրեց։

Նույն օրը Պրահայի ամրոցում, որտեղ գտնվում է նախագահների նստավայրը, Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը եւ առաջին տիկին Լիվիա Կլաուսովան ընդունել են Իլհամ եւ Մեհրիբան Ալիեւներին։ Կողմերը ստորագրել են մի շարք համաձայնագրեր, նախագահները մամլո ասուլիսում գովեստով են խոսել երկու երկրների համագործակցության մասին։ Կլաուսը ասել է, որ Չեխիան նավթի 25 տոկոսն Ադրբեջանից է ներմուծում։ Մինչդեռ, այցը լուսաբանող չեխական որոշ լրատվամիջոցներ երեկ նշել են, որ ավտորիտար երկրի կանոններով ապրող Ադրբեջանում կա նավթ, սակայն ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները եւ անկախ մամուլը ծանր վիճակում են։

Երեկ Պալացկու հրապարակում հայ ցուցարարների պարզած պաստառներից մեկի վրա չեխերեն գրված էր` «Ժողովրդավարությունը նավթից ավելի կարեւոր է»։

Ցույցի ընթացքում չեխերեն ընթերցվեց ուղերձ այն մասին, որ Իլհամ Ալիեւի վարչակարգը երկրի ներսում հալածում է այլախոհներին, իրականացնում է հայատյաց քաղաքականություն, աննախադեպ միջոցներ է տրամադրում սպառազինություն ձեռք բերելու համար եւ Հայաստանին պատերազմով է սպառնում։

Չեխիայի հայության հոգեւոր հովիվ հայր Բարսեղ Փիլավչյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ չափազանց կարեւոր է այդ ամենի մասին տեղեկացնել Չեխիայի քաղաքացիներին:

«Այսօր մեր փոքրիկ համայնքը հավաքվել է այստեղ, որպեսզի եւս մեկ անգամ Չեխիայի հանրությանը տեղեկացնի, որ որքան էլ քաղաքական շահերը համընկնում են` միջպետական շահերը իրար, Ադրբեջանը մնում է որպես ագրեսոր, որպես մի երկիր, որը փորձում է դավադրություններ դավել միշտ Հայաստանի նկատմամբ, եւ այն երկրներում, որտեղ մենք ապրում ենք, ուզում ենք անպայման, որ այստեղ ապրող ժողովուրդը տեղեկանա եւ իմանա դա», - նշեց հայր Բարսեղը։

Ցույցը Պալացկու հրապարակում, որն անվանում են նաեւ «Պրահայի Հայդ Պարկ», անցել է առանց որեւէ միջադեպի։

Այսօր Իլհամ Ալիեւը պետք է հանդիպի Չեխիայի վարչապետ Պետեր Նեչասին եւ վերադառնա Բաքու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG