Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ն առաջարկում է համախմբվել ու երաշխավորել ազատ, արդար ընտրությունները


Դավիթ Հարությունյան, արխիվային լուսանկար

Դավիթ Հարությունյան, արխիվային լուսանկար

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հանդես է եկել գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին ուղղած առաջարկությամբ` համախմբվել ու երաշխավորել ազատ, արդար ընտրությունների անցկացումը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ով հանդես է եկել նաեւ համապատասխան հայտարարությամբ:

Նա նշեց, որ առաջարկության հետ կապված` բանակցություններ է սկսել ընտրություններին մասնակցող մնացած ութ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ եւ փորձում է նրանց հետ ճշտել «հնարավոր հանդիպման ֆորմատը»:

«Հայտարարության էությունը հետեւյալն է. մենք առաջարկում ենք, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները կամովին ստանձնեն քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններ, եւ դա նշանակում է նաեւ, որ նրանք պետք է ապահովեն, որ քաղաքական առումով ստանձնում են պատասխանատվություն եւ ապահովում են, որ ոչ միայն իրենց կազմավորումների անդամները, կուսակցությունների անդամները, պաշտոնյաները կամ վստահված անձինք կատարեն այն կանոնները, որոնք մենք սահմանում ենք, այլ նաեւ` իրենց համակիրները», - ասաց Դավիթ Հարությունյանը` շարունակելով. - «Իհարկե, այն, ինչ մենք առաջարկում ենք, ընդամենը նախագիծ է` կանոնների նախագիծ, բայց կարծում ենք, որ սա կարող է հիմք ծառայել, որպեսզի այն մենք ամբողջականացնենք` մյուս կուսակցությունների մասնակցությամբ, եւ բոլորս կամովին ստանձնենք այս պատասխանատվությունը»։

Ի պատասխան դիտողության, որ ընդդիմադիր ուժերը ընտրությունների կեղծման համար սովորաբար մեղադրում են իշխող կուսակցություններին ու, մասնավորապես, Հանրապետականին, եւ հաշվի առնելով դա` պարզ չէ՞, որ նրանք կմերժեն այս առաջարկը, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը ասաց. - «Ես հուսով եմ, որ նրանք չեն մերժի այս առաջարկությունը, հակառակը` մենք փորձում ենք քայլ կատարել դեպի քաղաքակիրթ ընտրություններ, խնդիր, որում շահագրգռված են բոլորը` ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը»։

«Այնպես որ, սա իսկապես ժամանակին կատարված քայլ է, եւ կարծում եմ, որ այս անգամ մենք իսկապես կվարվենք այլ կերպ։ Այս անգամ բոլորս կգիտակցենք այդ խնդրի կարեւորությունը մեր հասարակության համար եւ բոլորս կքայլենք նույն ուղով` արդար, ազատ ընտրություն ապահովելու ուղով», - ամփոփեց Դավիթ Հարությունյանը։

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանն այսօր մեզ փոխանցեց, թե իրենք ընդունել են Հանրապետականի առաջարկը եւ այժմ համատեղ աշխատում են հրապարակված հայտարարության որոշ դրույթների վրա:

Օրվա ընթացքում մեք կապվեցինք նաեւ իշխող քաղաքական կոալիցիայի մյուս անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի հետ։ Վերջինս նշեց, թե իրենք քննարկում են Հանրապետականի առաջարկությունը, եւ «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը կհրապարակվի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ընդամենը երկու օր առաջ «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմադիր 3 ուժերի՝ ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի հետ ստորագրեց առաջիկա ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ձեւավորելու մասին հայտարարության տակ։

Ընդդիմության արձագանքը


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Կոնգրեսը մերժում է Հանրապետական կուսակցության հիշյալ առաջարկը։

«Իշխանությունները շատ անհանգստացած են չորս քաղաքական ուժի կողմից ընտրակեղծիքների դեմ պայքարող միասնական շտաբի ստեղծումով եւ այդ հռչակագրով, հիմա նրանք մեկը մյուսի ետեւից նախաձեռնություններ են անելու», - նշեց Զուրաբյանը` մանրամասնելով. - «Մեկը Նիկոյանի նախաձեռնությունն էր, որ նամակ է ուղարկել այդ թվում նաեւ Տեր-Պետրոսյանին` Ազգային ժողովում այդ միասնական շտաբը ստեղծելու` մոնիտորինգի շտաբ, այսպես ասած, մյուսը Դավիթ Հարությունյանի առաջարկն է»։

Այդ նախաձեռնությունները բոլորը իբր ուղղված են նույն նպատակին, բայց իրականում նպատակը միակն է` քանդել այն նախաձեռնությունը, որը արդեն կայանում է եւ որը ստորագրել են չորս քաղաքական ուժ, շարունակեց Զուրաբյանը։

«Հայաստանում ընտրակեղծիքների հիմնական կազմակերպիչը եւ իրականացնողը Սերժ Սարգսյանի ռեժիմն է` ի դեմս Հանրապետական կուսակցության, եւ, բնականաբար, ուղղակի անընդունելի են նման առաջարկներ, նման նախաձեռնություններ այդ ուժի կողմից», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, թե իրենք առայժմ ուսումնասիրում են Հանրապետականի առաջարկությունը եւ առաջիկայում կհայտնեն իրենց մոտեցումը:

«Մենք կտրուկ չենք մերժում որեւէ բան, բայց անպայման ուզում ենք, որ այն փաստաթուղթը, որը պետք է ձեւավորվի, ունենա իր մեջ ռեալ մեխանիզմներ, որոնք իսկապես կապահովեն արդար ընտրությունների անցկացումը», - նշեց Հակոբյանը։

Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց համար ավելի կարեւոր է ազատ, արդար ընտրությունների անցկացման ապահովումը, քան ընտրապայքարում քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոնների ընդունումը:

Հիշեցնելով, որ չորս կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք, ինչպես արդեն նշեցինք երկու օր առաջ ստորագրել էին ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ձեւավորելու մասին հայտարարությունը, ապրիլի 11-ին վերստին հանդիպելու են, ՀՅԴ ներկայացուցիչը նշեց․ - «Հիմնական խնդիրը պետք է լինի ընտրությունների վերահսկողությունը միասնական, որի մեջ պարոն Հարությունյանի առաջարկները կարող են տեղավորվել։ Հավանաբար առաջարկ կարվի, որ, ինչո՞ւ չէ, թող պարոն Հարությունյանն էլ մասնակցի, թող Հանրապետական կուսակցությունը ինքը իր առաջարկներով գա, եւ ընդհանուրի մեջ որպես մեկ մաս մտցնեն նաեւ այս առաջարկությունները»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG