Մատչելիության հղումներ

logo-print

Կլաուսը «հասկանում է Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում»


Իլհամ Ալիեւը եւ Վացլավ Կլաուսը, 5 ապրիլի, 2012 թվական

Իլհամ Ալիեւը եւ Վացլավ Կլաուսը, 5 ապրիլի, 2012 թվական

Պրահայում հինգշաբթի օրը կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի հանդիպումը: Հանդիպման ընթացքում ստորագրվել են 4 հուշագրեր` մշակույթի, տուրիզմի ոլորտներում, ինչպես նաեւ ազգային գրադարանների եւ թանգարանների համագործակցության վերաբերյալ, պայմանավածություն է ձեռք բերվել խորացնել տնտեսական եւ մշակութային համագործակցությունը:

Բանակցություններից հետո երկու նախագահները մամլո ասուլիս են տվել: Վացլավ Կլաուսը հանդիպումը արդյունավետ եւ դրական է գնահատել:

«Ուրախ եմ, որ պարոն նախագահը ընդունել է հրավերն ու այստեղ է: Մեր երկու երկրների հարաբերությունները վերջին շրջանում ինտենսիվ զարգանում են: Այս այցը եւս կարեւոր խթան կհանդիսանա համագործակցության հետագա զարգացման համար», - հայտարարել է Չեխիայի նախագահը` մանրամասնելով, թե ինչ են քննարկել դեմ առ դեմ հանդիպման ընթացքում. - «Մենք այսօր միմյանց տեղեկացրել ենք մեր երկրներում տիրող իրավիճակի մասին, քննարկել ենք միջազգային քաղաքականությունը: Պետք է ասել, որ շատ հարցերում մենք նույն կամ նման դիրքորոշումներ ունենք»:

Իլհամ Ալիեւն իր խոսքում ասել է, որ քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու էներգետիկային վերաբերող հարցեր:

Երկու նախագահների հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Այդ մասին մամլո ասուլիսի ընթացքում խոսել է Չեխիայի նախագահը:

«Այս հանդիպման ընթացքում մենք անդրադարձել ենք Ղարաբաղի հարցին: Առավել մանրամասնորեն մենք հարցը քննարկել էինք անցյալ տարի Բաքու կատարած իմ այցի ընթացքում, եւ իմ տեսակետը ես հայտնել եմ անցյալ տարի: Ես կարող եմ հասկանալ Ադրբեջանի դիրքորոշումը, ես էլ անտարբեր չէի լինի, եթե իմ երկրի մի մասը օկուպացված լիներ մեկ ուրիշի կողմից: Կցանականայի որեւէ խորհուրդ տալ` հարցի լուծման վերաբերյալ, սակայն դժբախտաբար այս հարցի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել», - ասել է նա:

Ալիեւը Ղարաբաղի մասին որեւէ բան չի ասել:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ են երկկողմ համագործակցությունը զարգացնել հատկապես ենթակառուցվածքների եւ ինժեներական տեխնոլոգիաների բնագավառներում: Նա ասել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը զգալի աճել է, եւ որ իրենք ողջունում են չեխական ընկերությունների ներդրումային ծրագրերը:

Բաքու վերադառնալուց առաջ՝ ուրբաթ օրը, Իլհամ Ալիեւը կհանդիպի Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի հետ:

Վերջին շրջանում Ադրբեջանի եւ Չեխիայի միջեւ հարաբերություններն ակտիվացել են. Պրահան հետաքրքրված է առաջին հերթին ադրբեջանական նավթով եւ գազով: Չեխիայի նավթի պահանջարկի շուրջ 25 տոկոսը այսօր ապահովում է Ադրբեջանը:

Իլհամ Ալիեւի այցի կապակցությամբ Չեխիայի հայ համայնքը Պրահայում այսօր երեկոյան բողոքի ակցիա կանցկացնի՝ «Դեմոկրատիան նավթից թանկ է» կարգախոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG