Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը արձագանքել է մամուլում հրապարակված Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եւ Հայ հեղափոխական դաշնակցության՝ (ՀՅԴ) ոստիկանապետին ուղղված նամակին, որում ընդդիմադիր քաղաքական ուժերը խնդրում են իրենց տրամադրել ընտրացուցկներում ընդգրկված, բայց Հայաստանից մշտապես բացակայող քաղաքացիների լիակատար ցանկը:

Այսօր տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ոստիկանությունը հանրապետությունից մշտապես բացակայող քաղաքացիների հաշվառում չի վարում:

«Հստակ է, որ պետական սահմանը հատող անձանց տվյալները ռեգիստրում չեն կուտակվում, եւ սահմանային մարմինը այդ անձանց տվյալները ոստիկանությանը տրամադրելու իրավունք եւ պարտականություն չունի: Այսինքն, ոստիկանությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով չի համարվում խնդրվող տեղեկատվությունը տնօրինող մարմին», - պարզաբանում է ոստիկանությունը:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ բնակչության պետական ռեգիստրում Հայաստանից դուրս գտնվող բնակչի տվյալները կարող են հայտնի դառնալ միայն այն դեպքում, երբ քաղաքացին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակվելու դեպքում գրավոր տեղեկացնի համապատասխան հյուպատոսական ծառայությանը, իսկ հիշյալ մարմինն էլ տեղեկությունը փոխանցի կենտրոնական ռեգիստր վարող մարմնին` անձնագրային եւ վիզաների վարչությանը:

Այսպիսով, ոստիկանությունը, ըստ էության մերժում է ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի խնդրանքը՝ նշելով, թե նման տվյալների ոստիկանությունը չի տիրապետում:

Ի դեպ, քաղաքական այս երկու ուժի նամակին այսօր միացել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում նշեց, որ Հայաստանից բացակայող ընտրողների ցուցակի տրամադրումը չափազանց կարեւոր է:

«Ի վերջո այսօր Հայաստանից բացակայում են 6-7 հարյուր հազար ընտրողներ, եւ իսկապես լավ կլինի, որ մենք ունենանք ռեալ պատկերը, թե գործնականում ինչքան ընտրող ունի այսօր Հայաստանը», - ասաց Հակոբյանը:

«Մենք այսօր չենք պահանջում անհնարինը, մուտքի, ելիք անցակետերում դա արձանագրվում է, եւ կարծում եմ՝ այդ արձանագրությունների շնորհիվ կարելի է պարզել, թե քանի մարդ է բացակայում Հայաստանից», - շարունակեց Հակոբյանը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը չցանկացավ արձագանքնել այսօրվա պարզաբանմանը՝ նշելով, որ երբ իրենք նամակը պաշտոնապես կուղարկեն ոստիկանապետին, այդ ժամանակ էլ կսպասեն պաշտոնական պատասխանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG