Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանի հայցի մերժումը «քաղաքական դրդապատճառներ ունի»


Հայաստան -- Հայտնի գործարարներ Սարիբեկ եւ Խաչատուր Սուքիասյանները, արխիվ

Հայաստան -- Հայտնի գործարարներ Սարիբեկ եւ Խաչատուր Սուքիասյանները, արխիվ

Վարչական դատարանը մերժել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը։

«Խաչատուր Սուքիասյանի հայցի մերժումը քաղաքական դրդապատճառներ ունի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Սարիբեկը, ով նաեւ թիվ 10 ընտրատարածքից պատգամավորության թեկնածու է։ Նրան, ի տարբերություն Խաչատուր Սուքիասյանի, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գրանցեց իբրեւ թեկնածու։

«Մեր իրավաբանները քննարկել էին այդ հարցը, եւ մեզ ներկայացրել էին, որ իրավական առումով՝ Խաչատուր Սուքիասյանը խնդիր չունի։ Բայց խնդիրը ոչ թե իրավական, այլ քաղաքական լուծում ստացավ։ Այն ժողովրդականությունը, որ վայելում է Խաչատուրը, հնարավոր է՝ դա ինչ-որ չափով անհանգստացրեց նրանց», - նշեց Սարիբեկ Սուքիասյանը։

Խաչատուր Սուքիասյանը դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը, ըստ որի նրան չգրանցեցին իբրեւ պատգամավորության թեկնածու։ Հիշեցնենք՝ ԸԸՀ-ն որպես մերժման հիմք մատնանշել էր ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության տեղեկանքը առ այն, որ Սուքիասյանը վերջին հինգ տարիների ընթացքում 10 ամիս 20 օր բացակայել է Հայաստանից, հետեւաբար, ըստ նրանց, մշտապես չի բնակվել Հայաստանում եւ չի կարող գրանցվել որպես պատգամավորության թեկնածու։

Թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելիս, սակայն, Էրեբունու վարչական շրջանի ոստիկանության անձնագրային բաժնից պետի ստորագրությամբ ստացված տեղեկանք ուներ Սուքիասյանը, որտեղ նշված էր, որ նա վերջին 5 տարում ապրել է Հայաստանում։ Սակայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ոչ թե առաջին տեղեկանքը հիմք ընդունեց, այլ ոստիկանության երկրորդ պարզաբանումը։

Վարչական դատարանը, ըստ այդմ, մերժեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սուքիասյանի պաշտպան Արա Զոհրաբյանը, դատարանի վճիռը բողոքարկման ենթակա չէ եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

«Խախտվել է Խաչատուր Սուքիասյանի ընտրական իրավունքը։ Նա իրավունք ուներ ընտրվելու եւ առաջադրելու իր թեկնածությունը, ինչը, իհարկե, չստացվեց», - ասում է փաստաբանը։

Նշենք, որ Վարչական դատարանում եւս մեկ հայցադիմում կա, որով Սուքիասյանը վիճարկում է համամասնական ընտրակարգով իրեն որպես թեկնածու չգրանցելու՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։

Արա Զոհրաբյանը կարծում է՝ վաղը հրապարակվելիք վճիռը չի տարբերվի երեկվանից։ Փաստաբանները ուսումնասիրում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորության հարցը:

Գործարար մրցակիցներ


Այսպիսով թիվ 10 ընտրատարածքում երեք թեկնածուներ կպայքարեն` «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը, «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը, Տնտեսագիտական համալսարանի դասախոս Գագիկ Շահնազարյանը:

Ընտրապայքարին մասնակցող երկու գործարարները՝ Սուքիասյանը եւ Նուշիկյանը, հաղթելու իրենց շանսերը բարձր են գնահատում: Նուշիկյանին ՀՀԿ-ն է սատարում, Սուքիասյանին` ՀԱԿ-ը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սարիբեկ Սուքիասյանը կարծիք հայտնեց, որ ընտրությունները կանցնեն օրենքի սահմաններում եւ այն փաստը, որ իր մրցակից Գարեգին Նուշիկյանը Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խնամին է, ընտրարշավի վրա չի ազդի։

«Մենք լավ հասկանում ենք, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս որեւէ պետական պաշտոնյա առնչություն ունենա այսպիսի քաղաքական գործընթացներում», - նշեց Սուքիասյանը։

«Գլխավոր դատախազի հետ խնամիական կապը», - ասում է Նուշիկյանը, - «միայն կօգնի առաջիկա ընտրություններում»։

Թե Սուքիասյանը, թե Նուշիկյանը, ընտրվելու դեպքում ընտանեկան բիզնեսի ղեկավարումը եղբայրներին են փոխանցելու։ Ազատ ընտրությունների պարագայում պարտվելու դեպքում էլ պատրաստ են միմյանց շնորհավորել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG