Մատչելիության հղումներ

logo-print

«Կայուն էներգետիկա բոլորի համար ծրագիրը կայուն զարգացման անկյունաքարերից մեկն է», - նշեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը:

1992 թվականից Միավորված ազգերի կազմակերպությունը նպատակ ունի իրականացնել այնպիսի միջացառումներ, որոնք կսահմանափակեն կլիմայի հնարավոր վտանգավոր փոփոխությունները: Այս կապակցությամբ փորձեր են արվում այլընտրանքային էներգիայի միջոցները զարգացնելու եւ օգտագործելու ուղղությամբ:

Էներգախնայողության, վերականգնվող էներգիայի զարգացման նպատակով Հայաստանի 3 եւ Ֆրանսիայի 1 համալսարանի հետ իրականացվելու է ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագիր, կազմակերպվելու են սեմինարներ, որոնց ընթացքում լինելու է փորձի փոխանակում:

Հայ-ֆրանսիական բուհերի հետ առաջին սեմինարն անցկացվել է այս շաբաթ, որի ընթացքում Ֆրանսիական ENSIATE ճարտարագիտական բուհի գլխավոր տնօրեն Ջորջ Վեսյեն եւ սեմինարավարները մասնակիցների առաջարկությամբ թեմաներ են գրառել` ծրագրում ներառելու համար:

«Հիդրոէլեկտրակայանները նույնպես վերականգնվող էներգիայի միջոց են համարվում, եւ Հայաստանը մեծ առաջընթաց ունի` մասնավոր սեկտորին ներգրավելու ՀԷԿ-երի կառուցման գործում»,- նշում է Դիանա Հարությունյանը եւ հավելում, որ աշխատանքներ են ընթանում քամուց եւ արեւից էներգիա ստանալու ուղղությամբ:

Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաեւ համագործակցություն ընկերությունների հետ:

Ջորջ Վեսյենի խոսքով՝ արեւային էներգիայի վահանակները այսօր մատչելի չեն, բայց դրանց կիրառումը իրատեսական է:

«Այնպես ինչպես 20 տարի առաջ Հայաստանի քաղաքացիները չէին կարող ենթադրել, որ այսօր կարելի է բջջային հեռախոս ձեռք բերել մատչելի գնով, կամ ազատ օգտվել համացանցից իրենց տանը», - համեմատեց նա:

«Վերականգնվող էներգետիկան իր տեղն ունի, քանի որ նավթի եւ գազի գները օրեցօր աճում են, այդ ռեսուրսը սպառվող է եւ վերականգնվող էներգիան է ապագան: Ասում են, եթե սպառման նոր աղբյուրներ չգնտնվեն, էներգիայի բնական ռեսուրսները մոտ 50-ից 70 տարի անց կսպառվեն», - նշեց Դիանա Հարությունյանը:
XS
SM
MD
LG