Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ ասոցացման գործընթացում «Հայաստանը առաջատար է»


Հայաստան -- Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Աուդրոնիուս Աժուբալիսը համատեղ ասուլիսի ժամանակ, Երեւան, 5-ը ապրիլի, 2012թ․

Հայաստան -- Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Աուդրոնիուս Աժուբալիսը համատեղ ասուլիսի ժամանակ, Երեւան, 5-ը ապրիլի, 2012թ․

Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գնահատմամբ, Եվրամիության հետ ասոցացման գործընթացի մասնակից երկրների շարքում Հայաստանը հանդիսանում է վստահ առաջատարը, չհաշված, իհարկե, Ուկրաինան, որն արդեն իսկ թեւակոխել է համաձայնագրի ստորագրման վերջնական փուլ:

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Լիտվայի արտգործնախարարն այդ մասին հայտարարեց այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ՝ նշելով, թե Վիլնյուսը շատ գոհ է Հայաստան-Եվրամիություն ասոցացման պայմանագրի բանակցությունների ընթացքից:

Խոսելով Հայաստան-Լիտվա երկկողմ կապերի մասին՝ Աժուբալիսը նշեց, թե երկու երկրների հարաբերություններում առկա է շատ դրական քաղաքական կապիտալ, որն անհրաժեշտ է վերածել կոնկրետ տնտեսական համագործակցության: Երկու երկրների համագործակցության տնտեսական բաղադրիչը, Լիտվայի արտգործնախարարի բնորոշմամբ, ներկայումս բավական համեստ է։

Այսօր կայացած մամլո ասուլիսին դարձյալ անդրադարձ եղավ օրերս Եվրանեսթի՝ Բաքվում կայացած նիստին Ադրբեջանի նախագահի կողմից հայերի հասցեին արված վիրավորական որակումներին: Այս առնչությամբ Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, նկատեց․ - «Կարծում եմ միջազգային հանրության կողմից կա համապատասխան արձագանք: Ես չեմ խոսի Հայաստանի արձագանքի մասին, քանի որ մենք այդ բանն անում ենք պարբերաբար ու չենք կարող չարձագանքել նման նոնսենսներին»:

Հարցի համատեքստում, Նալբանդյանը հիշատակեց Եվրախորհրդի Ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ պայքարի հանձնաժողովի զեկույցը: Դրանում, հիշեցնենք, Ադրբեջանը նշվում է իբրեւ երկիր, որտեղ խախտվում են փախստականների, օտարերկրացիների, կրոնական փոքրամասնությունների եւ հայերի իրավունքները:

Ըստ Հայաստանի արտգործնախարարի, այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը, հեղինակազրկում է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, քանի որ Ադրբեջանը հանդիսանում է այդ մարմնի ոչ մշտական անդամը։

«Մի երկիր, որտեղից գրեթե ամեն օր հնչում են ռազմատենչ հայտարարություններ, երկիր, որն ընդլայնում է իր սպառազինությունն ու սպառնալիքներ ստեղծում տարածաշրջանային ու միջազգային անվտանգության եւ կայունության համար, եւ այդ ամենի հետ էլ մի ամբողջ ժողովրդի հռչակում է Ադրբեջանի թշնամի, այս պարագայում, կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են», - շարունակեց Հայաստանի արտգործնախարարը:

Հարցին արձագանքեց նաեւ Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը»։

«Երկրների միջեւ ցանկացած շփումներում, բանակցություններում որեւէ էպիտետ չի կարող օգնել՝ ստեղծելու այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն կտա կարգավորել այս կամ այն խնդիրը», - ասաց Աժուբալիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG