Մատչելիության հղումներ

Կառավարությունը հայտարարում է եռամսյակի բյուջետային մուտքերի ծրագիրը կատարելու մասին


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ ամբողջությամբ կատարել են հարկային եւ մաքսային, ինչպես նաեւ սոցիալական ապահովության վճարների հավաքագրումների պետական բյուջեով առաջին եռամսյակում նախատեսված ծրագիրը: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ ծրագիրը գերակատարվել է:

«Հավաքվել է 177 մլրդ դրամ, ինչը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 մլրդ 570 մլն դրամով։ Ծրագիրն ամբողջությամբ կատարվում է, եւ համոզված եմ, որ այս տեմպը մինչեւ տարեվերջ կպահպանենք», - ասաց վարչապետը:

Գործադիրի ղեկավարը նաեւ ասաց, որ հաստատել են մինաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական ցուցանիշները. - «Համաձայնության ենք եկել Կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։ Հանձնարարական է տրված բոլոր գերատեսչություններին, որպեսզի իրենց ծախսային ծրագրերը նախապատրաստեն երեք տարվա կտրվածքով։ Այդ քննարկումը նույնպես կսկսենք, որպեսզի ըստ գերատեսչությունների մեզ համար հստակ լինեն առաջիկա երեք տարիների մեր ծախսերը», - ասաց նա:

Կառավարությանն այսօրվա նիստում հավանության արժանացրեց նաեւ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ բացելու մասին կառավարության որոշման նախագիծը:

«Հայաստանի Հանրապետությունում 2012-13 թվականների ընտրությունների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման ծրագիրն է: Օմբուդսմենի աշխատատկազմին տրվում է 278 150 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Համաձայն կնքված համաձայնագրի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ամբողջովին ֆինանսավորում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վեց մարզային ներկայացուցիչների եւ թեժ գծի ծառայության ստեղծումը, հետագա քսան ամիսների ընթացքում դրանց գործարկումը, ինչի նպատակը ընտրությունների ընթացքում քաղաքացիների իրավունքի պաշտպանության ապահովումն է», - մանրամասնեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG