Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հրաժարվում է ընդգրկվել ԱԺ նախագահին կից խորհրդակցական մարմնում


ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) մերժում է Սամվել Նիկոյանի առաջարկը եւ չի ընդգրկվի առաջիկա ընտրությունները դիտարկելու նպատակով ԱԺ նախագահին կից ստեղծված մարմնում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ ընտրությունները կեղծած իշխանության նախաձեռնություններն իրենց վստահություն չեն ներշնչում:

«Կառավարող ռեժիմը հիմնական պատասխանատուն է այս բոլոր ընտրակեղծիքների համար, եւ մնեք չենք վստահում որեւէ գործընթացի, որը կազմակերպվում է ռեժիմի կողմից», - ասաց Զուրաբյանը:

Ազգային ժողովի նախագահին կից ստեղծված խորհրդակցական մարմինը պետք է դիտարկի մայիսին կայանալիք ընտրությունները: Նորաստեղծ կառույցը կոորդինացնելու է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Վերջինս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այդ մարմինը զբաղվելու է Ընտրական օրենսգրքի կիրառման վրա մոնիտորինգ իրականացնելով, նաեւ հնարավոր ընտրախախտումների մասին ահազանգերով:

Նիկոյանի փոխանցմամբ՝ խորհրդակցական այդ մարմնում ընդգրկվելու են ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրված քաղաքական բոլոր ուժերը՝ եւ ընդդիմադիր, եւ իշխանական: ԱԺ նախագահի խոսքով՝ նորաստեղծ մարմինը գործադիր լծակներ չի ունենալու, պարզապես ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակներում կարող է դիմել պետական մարմիններին:

Սամվել Նիկոյանը հավաստիացրեց, որ իր` թեկնածու լինելու եւ քարոզչությամբ զբաղվելու հանգամանքը «բացարձակապես չի խանգարի» նոր մարմնի աշխատանքներին. - «Ես ընդամենը այդ մարմնի աշխատանքները կոորդինացնելու եմ եւ ապահովելու եմ, որ կարողանա այդ մարմինը աշխատի։ Ես այդ մարմնի որոշումներին չեմ միջամտելու` ես ընդամենը այդ մարմնի որոշումները կփորձեմ իրականացնել»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամակցությանն այս մարմնին, ապա կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել: Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ այդ մարմինը իմիտացիոն բնույթ է կրելու, իրենք նույնպես առաջարկը չեն ընդունի:

«Եթե այդ հանձնաժողովը չունենա հատուկ կետ, որ պետք է ուսումնասիրի բարեգործության եւ այլ միջոցներով ընտրողների քվեն գնելու փաստերը, եթե հստակ մեխանիզմ չլլինի, որով մենք պետք է կարողանանք հսկողություն իրականացնել ընտրատեղամասերում եւ այլն, իհարկե, անհրաժեշտություն չկա այդ կառույցին միանալ», - ասաց Հակոբյանը:

Հիշեցնենք՝ երեկ արդեն ընտրությունների ընթացքը վերահսկելու նպատակով ստեղծվեց միասնական մեկ շտաբ, որին միացան ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, Դաշնակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը: Իշխող Հանրապետականը հրաժարվեց միանալ այդ շտաբին, իսկ քննարկմանը ներկա ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը ընդգծեց, որ արդեն ԱԺ-ում նմանատիպ մի մարմին ստեղծվել է՝ հակադարձելով Լեւոն Զուրաբյանի այն գնահատականներին, թե իշխանության նախաձեռնություններին այսօր ոչ ոք չի վստահում:

«Ձեզ ո՞վ է վստահում: Հիմա էնքան բաներ կասեմ… էստեղ խոսքը վերաբերում է լավ ընտրություններին, ոչ թե ձեր անտեսակետ տեսակետին: Ինչե՞ր եք դուրս տալիս», - հակադարձեց Սահակյանը:

Այսպիսով, այս պահի դրությամբ ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող երկու քաղաքական մարմին է ստեղծվել, որոնցից մեկում իշխող ՀՀԿ-ն չի լինի, իսկ մյուսում ՀԱԿ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG