Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխանությունը կրկին մերժեց Իվանիշվիլիի դիմումը


Վրաստան - Բիձինա Իվանիշվիլին իր գրասենյակում հանդիպում է լրագրողների հետ, Թբիլիսի, 15-ը փետրվարի, 2012թ.
Վրաստան - Բիձինա Իվանիշվիլին իր գրասենյակում հանդիպում է լրագրողների հետ, Թբիլիսի, 15-ը փետրվարի, 2012թ.
Վրաստանի իշխանությունները կրկին մերժում են երկրի ամենահարուստ բնակչի` միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի` վրացական քաղաքացիություն ստանալու դիմումը:

Վրաստանի պետական ռեգիստրի ծառայության խոսնակը չորեքշաբթի երեկոյան տարածած հայտարարության մեջ նշել է. - «Ֆրանսիայի քաղաքացի Բիձինա Իվանիշվիլին դիմել էր վրացական քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով` հպատակագրման (նատուրալիզացիայի) միջոցով: Նման կարգ, սակայն, վրացական օրենսդրությունը չի նախատեսում: Իվանիշվիլիի դիմումը կբավարարվեր, եթե նա դիմեր երկքաղաքացություն ստանալու խնդրանքով»:

Իվանիշվիլին վրացական քաղաքացիությունից զրկվեց անցած տարվա հոկտեմբերին` մի քանի օր անց այն բանից, երբ հայտարարեց, որ պատրաստվում է քաղաքականությամբ զբաղվել ու ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու մտադրություն ունի: Վրացական իշխանությունները պնդում էին, որ Իվանիշվիլիին քաղաքացիությունից զրկելու պատճառները զուտ իրավական էին` քանի որ միլիարդատերը մի քանի տարի առաջ նաեւ Ֆրանսիայի քաղաքացի էր դարձել:

Դեկտեմբերին Իվանիշվիլին պաշտոնապես հրաժարվեց ֆրանսիական անձնագրից, դա, սակայն, նրան չօգնեց: Ֆրանսիական օրենքների համաձայն` քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը բավարարվում է, երբ տվյալ անձը մեկ այլ պետության անձնագիր է ստանում: Իվանիշվիլիի փաստաբանները պնդում են, որ Պետռեգիստրի ծառայությունը հենց այս իրավական կազուսն օգտագործելով մերժեց իրենց պաշտպանյալի դիմումը:

Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» կուսակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ քաղաքացիության դիմումի մերժումը զուտ քաղաքական դրդապատճառներ ունի:

Նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները, հակառակը, պնդում են, որ պետական մարմինները, մերժելով Իվանիշվիլիի դիմումը, առաջնորդվել են բացառապես օրենքի պահանջներով:

Վրացական խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Պավլե Կուբլաշվիլին հայտարարել է. - «Օրենքի առջեւ հավասար են Վրաստանի բոլոր քաղաքացիները, եւ որեւէ կարեւորություն չունի, թե նրանք ինչ սոցիալական կարգավիճակի կամ ֆինանսական կարողության տեր են»:

Վրաց հանրությունը հանդես է գալիս Իվանիշվիլիին վրացական քաղաքացիություն շնորհելու օգտին: Ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի անցկացրած վերջին հարցման համաձայն, վրացիների 70 տոկոսը համոզված է, որ Իվանիշվիլիին հարկավոր է վրացական քաղաքացիություն շնորհել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG